Քաբուլի միջազգային օդանավակայանում այսօր վաղ առավոտյան կրակոցներ են հնչել, աֆղանական բանակի մեկ զինվոր զոհվել է, մի քանիսը` վիրավորվել, հաղորդում է Գերմանիայի պաշտպանության նախարարությունը:
Թե ովքեր են եղել հարձակվողներն, առայժմ հստակ չէ:
Փոխհրաձգությանը մասնակցել են նաև միջազգային խաղաղապահ ուժերը, այդ թվում`ամերիկացի ու գերմանացի զինվորները, նրանց շրջանում կորուստներ չկան:
Ավելի վաղ ՆԱՏՕ֊ն հաղորդել էր, թե վերջին յոթ օրերի ընթացքում միայն Քաբուլի օդանավակայանում և մերձակայքում առնվազն քսան մարդ է զոհվել, նրանց մի մասը սպանվել է հրազենից, մյուսները`օդակայանում սկսված քաշքշուկի հետևանքով, հաղորդում է «Ֆրանսպրեսը»:
Օդակայանում քաոսային իրավիճակ է այս ամսվա սկզբից, երբ թալիբները վերահսկողության տակ առան Աֆղանստանի խոշորագույն նահանգներն ու մայրաքաղաքը`ստիպելով Վաշինգտոնին ու դաշնակից մյուս ուժերին արագացնել զորքերի դուրսբերման գործընթացը: