Մատչելիության հղումներ

«Պատերազմը Աֆղանստանում սխալ էր սկզբից». մասնակից հայերը հիշում են ու քննարկում


Երևանի Պուշկինի փողոցում գտնվող գրասենյակային մի հասցեում հեռուստաէկրաններից չեն իջնում Աֆղանստանի վերաբերյալ նորությունները: Այստեղ Խորհրդային Միության բանակի կազմում աֆղանական պատերազմին մասնակցած վետերանների միությունն է։ 1979-ին խորհրդային զորքերի Աֆղանստան ներխուժելուց հետո շուրջ 10 տարի տևած ռազմական հակամարտությանը մասնակից հայերը հիշում են իրենց անցկացրած տարիներն Աֆղանստանում ու քննարկում վերջին զարգացումները։

Հրաչ Ասլանյանը հեռուստաէկրաններին Աֆղանստանում արված կադրերը տեսնելիս հիշում է՝ ժամանակին ինքն էլ այդ ճանապարհներով գնացել, եկել է: Ասում է՝ միշտ է հետաքրքրվել այդ երկրի ճակատագրով. «Աստված տա` այդ երկիրը խաղաղվի իրենք իրենցով, իրենց երկիրը կարողանան ղեկավարել, որովհետև անգլիացուց սկսած, հետո ռուսը, հետո ռուսի հետ մենք, հետո ամերիկացին… այդ ազգը սենց թե նենց անպարտելի ազգ է, ով մտել, դուրս է եկել, ոչ մեկը ոչ մի բան չի կարողացել անել, այսինքն` չեն կարողացել այդ երկիրը կառավարեն:

Իրենք իրենց համար պիտի այդ երկիրը կառավարեն, ապրեն, ուրիշ բան ես տենց եմ հասկացել: Մի հոգով կարային 100 հոգու հետ կռիվ անեին, մեր հայ տղերքը գնացել են այնտեղ, կեսը վիրավոր է եկել, կեսը հաշմանդամ, կեսը` նորմալ, մի 50 տոկոսի վրա ասկոլկա կա: Մեր հայերն էլ այնտեղ միշտ եղել են կռվող, հարգված»:

Պահեստազորի գենարալ- մայոր Տիգրան Գասպարյանը Աֆղանստանում է եղել 1981-ից 83 թվականներին՝ գնդերից մեկում ծառայության պետի կարգավիճակով: Նրա կարծիքով` խորհրդային, ապա ամերիկյան ուժերի մուտքն այդ երկիր սխալ էր. «Լրիվ պատերազմը Աֆղանստանում սխալ էր սկզբից: Անիմաստ զոհեր»:

61-ամյա գեներալ-մայորն անկեղծանում է՝ երիտասարդ տարիներին աֆղանական պատերազմին մասնակցելն իրենց պարտքն են համարել, սակայն տարիների ընթացքում հակառում են համոզվել. «Հասկանում էինք, որ սա ինտերնացիոնալ պարտք է, հետո կամաց-կամաց գալիս ես, հասնում են նրան, որ հասկանում ես, որ սա անիմաստ էր»:

Աֆղանական պատերազմի վետարանների միությունը զբաղվում է զոհերի հարազատների, վիրավորների խնդիրներով: Խորհրդային Հայաստանից այդ պատերազմին շուրջ 4000 զինվորական է մասնակցել, զոհվել են 128-ը, մոտ 300-ը վիրավորվել են, աֆղանական պատերազմի բազմաթիվ վետարաններ մասնակցել են նաև արցախյան պատերազմներին։

Միության նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արմեն Մխիթարյանը Աֆղանստանում անցակցրել է 2 տարի, եղել է Ֆայզաբադ և Կունդուզ քաղաքներում։ Խորհդային բանակի՝ Աֆղանստան մուտք գործելու օրվանից արդեն շուրջ 42 տարի է անցել։ 60-ամյա Մխիթարյանն ասում է՝ այս տարիներին վետերանները միշտ են հետևել այդ երկրում ծավալվող իրադարձություններին, վերլուծություններ արել։ ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Թալիբանի»՝ Աֆղանստանում իշխանությունը կրկին վերցնելու պատճառները վետերանը կոռուպցիայով է պայմանավորում ու հայտնում իր մտավախությունների մասին. «Կլարվի վիճակը Միջին Ասիայում, Իրանում, սկզբնական շրջանում թալիբները կուզենան այնպես անել, որ աշխարհն իրենց ճանաչի որպես պետություն, որպես իշխանություն, բայց ես կասկածում եմ, որ այդ ամեն ինչը երկար կտևի, որովհետև ծայրահեղ իսլամական այդ օրենքները որ մտցնում են, իրենց վատ արդյունքները հետագայում տալու են»:

Խորհրդային Միությունն իր զորքերը Աֆղանստան մտցրեց 1979-ի դեկտեմբերին, պատճառաբանելով՝ իր զինված ուժերն այնտեղ են Աֆղանստանի կառավարության խնդրանքով: 10 տարի տևած պատերազմից հետո սովետական կոնտինգենտը երկիրը լքեց 1989-ին։ Դրանից հետո էլ «Թալիբան» շարժումը երկրի ղեկը վերցրել էր իր ձեռքը մինչև ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի զորքերի տեղակայումը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG