Մատչելիության հղումներ

«Հայաստանի պատմությունը կարելի է ամփոփել երկու բառի մեջ՝ ցավ և հույս»․ Ուրուգվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին


Հայաստանը մեծապես կարևորում է Ուրուգվայի հետ հարաբերությունների զարգացումը և ամրապնդումը, այսօր հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն՝ ընդունելով Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանսիսկո Բուստիժոյին։

«Անկախ այն փաստից, որ Հայաստանին և Ուրուգվային բաժանում է աշխարհագրական չափազանց մեծ հեռավորությունը, դրանից մեր երկրների և ժողովուրդների հարաբերությունները երբեք չեն տուժել», - ընդգծել է Սիմոնյանը՝ շեշտելով՝ Հայաստանի և Ուրուգվայի միջև բարեկամությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և փոխաջակցության վրա։

Ալեն Սիմոնյանը գոհունակություն է հայտնել 2019-ին Երևանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության բացման կապակցությամբ նաև ողջունել առաջիկայում Հայաստանում Ուրուգվայի դեսպանատան բացումը:

Ուրուգվայի արտգործնախարարը տեղեկացրել է, որ սա իր առաջին այցն է Հայաստան: Նա ընդգծել է երկկողմ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին՝ Ալեն Սիմոնյանը փաստել է․ - «Հայաստանում բոլորը գիտեն, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրն է»։

Այս համատեքստում Բուստիժոն տեղեկացրել է, որ երեկ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Նա նշել է, որ Հայաստանի պատմությունը կարելի է ամփոփել երկու բառի մեջ՝ ցավ և հույս: «Ցավ, որին ողջ պատմության ընթացքում առերեսվել է հայ ժողովուրդը, բայց հույս՝ հետագա հրաշալի ապագայի համար, որը սպասում է հայ ժողովրդին», - ասել է նա։

Ուրուգվայի արտգործնախարարն երեկ է ժամանել Հայաստան։ Պաշտոնական այցի շրջանակներում նա հանդիպումներ է ունեցել Հայաստանի արտգործնախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։


XS
SM
MD
LG