«Արդեն պարզ է, որ այս հարձակումը տեղի է ունեցել ավագանու անդամի գործունեության պատճառով», - Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով իշխող խմբակցության ավագանու անդամ Արման Անտոնյանի դեմ օրեր առաջ տեղի ունեցած մահափորձին։
«Դիմակավոր մարդիկ ներխուժել են բնակարան, միանգամից ծեծի են ենթարկել և տասնմեկ անգամ դանակով հարվածել են ավագանու անդամին։ Աստծո կամոք մեր գործընկերը չի մահացել, երեկ արդեն մենք տեղափոխել ենք իրեն պալատ։ Էս պահին կյանքին վտանգ չի սպառնում։ Ակնկալում եմ թե' իրավապահ մարմիններից, թե' դատական համակարգից խստագույն պատիժ նմանօրինակ և նման կերպով իրենց անձնական գործերը առաջ տանող անձերի նկատմամբ», - ասաց քաղաքապետը։
Շուրջ 10 օր առաջ հայտնի դարձավ, որ մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել էին Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանի Կոտայքի մարզում գտնվող տունը, դաժան ծեծի ենթարկել և դանակահարել են նրան։ Քննչական կոմիտեն պարզել է մահափորձ կատարած անձանցից մեկի ինքնությունը՝ Երևանի 30-ամյա բնակիչ է, գործով որպես մեղադրյալ է ներգրավվել, հետախուզվում է:
Մահափորձի ենթարկված իմքայլական ավագանու անդամը նիստերի ընթացքում հիմնականում հարցեր է բարձրացրել սպորտի ու մարզադպրոցների ոլորտում առկա խնդիրների շուրջ։ Վերջին նիստում Անտոնյանի առաջարկած նախագծով մայրաքաղաքի երկու սպորտային կազմակերպություններ պետք է միավորվեն և մեկ ընդհանուր ՀՕԱԿ ստեղծվի։ Ավագանու որոշմամբ, Yerevan Velodrome կազմակերպությունն Անտոյանի առաջարկած ծրագրով կզրկվի յուրաքաչյուր տարի քաղաքային բյուջեից հատկացվող շուրջ 50 միլիոն դրամից։ Անտոնյանի իմքայլական ընկերները չեն բացառում, որ սպանության փորձը հենց այս թեմայի հետ կապ ունի։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Գալջյանը, շարունակելով թեման, ասաց, որ քաղաքային իշխանությունն ու ավագանին պետք է իրենց լիազորությունների շրջանակներում առանձին գնահատական տան կատարվածին, նաև ակնարկեց քաղաքապետարանի ու կասկածելի որոշ շրջանակների միջև հնարավոր գործարքների հնարավորության մասին. - «Ուսումնասիրություններ սկսեն կասկածելի շրջանակների նկատմամբ, և եթե պարզվի, որ այդ շրջանակները այլ տեսակի գործարքներ ունեն Երևանի քաղաքապետարանի հետ, վերհանվեն և ուսումնասիրվեն այդ գործարքները։ Որովհետև եթե մի դրվագով նրանք էսպիսի մեթոդների են դիմել, մեծ է հավանականությունը, որ այլ դրվագներով էլ լինեն փաստեր, որոնք համայնքի շահերին կարող են վնասել, որովհետև սա արտացոլում է նախկինում այն մեթոդները, որոնց միջոցով իրենք իրենց շահերը առաջ են տարել ի վնաս համայնքի, այս պարագայում արդեն համայնքի շահերից ելնելով պրոցեսի ժամանակ նույն մեթոդները դրվել են արդեն հակառակ պրոցեսի համար»։
Քաղաքապետ Մարությանն արձագանքեց. - «Ուղղակի չուզեցա ծավալվել։ Բնականաբար, մեր կողմից արդեն շատ հստակ գործողությունների պլան կա, հստակ հանձնարարականներ կան, ու էս պահին իրականացվում են»։