Օրերս Կոտայքի մարզի սեփական բնակարանում հարձակման ենթարկված Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանն, ում վիճակը բժիշկները գնահատում էին ծանր, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, նրա կյանքին վտանգ չի սպառնում, այսօր ավագանու նիստի մեկնարկին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Երեկ արդեն մենք տեղափոխել ենք իրեն պալատ, ամեն ինչ նորմալ է ընթանում, դինամիկան դրական է այս պահին, կյանքին վտանգ չի սպառնում», - ասաց քաղաքապետն ու դիմեց իրավապահներին․ - «Ես ակնկալում եմ թե՛ իրավապահ մարմիններից, թե՛ դատական համակարգից խստագույն պատիժ նմանօրինակ և նման կերպով իրենց անձնական գործերն առաջ տանող անձերի նկատմամբ։ Արդեն պարզ է, որ այս հարձակումը տեղի է ունեցել ավագանու անդամի գործունեության պատճառով և նպատակ է ունեցել ինչ-ինչ հարցեր լուծել իրենց սեփական շահի համար»։
Երևանի ավագանու վերջին նիստին ավագանու անդամները հավանություն էին տվել Անտոնյանի առաջարկած նախագծին, ըստ որի Երևանի համայնքային սպորտային 2 կազմակերպություն միացվում է, ստեղծվում է նոր ընդհանուր ՀՕԱԿ, ինչպես նաև սրա արդյունքում Yerevan Velodrome կազմակերպությունը կարող է զրկվել բյուջեով ամեն տարի իրենց հատկացվող մոտ 50 միլիոն դրամից։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Գալջյանը հայտնել էր, որ օոստոսի 1-ին՝ գիշերը ժամը 1։00-ի մոտակայքում մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Անտոնյանի Կոտայքի մարզում գտնվող տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել նրան։ Նա տեղափոխվել էր հիվանդանոց, բժիշկներն Անտոնյանի վիճակը գնահատում էին ծանր, նրան միացված էր արհեստական շնչառության սարք։
Հարուցվել է քրեական գործ` բնակարան ապօրինի մուտք գործելու, ծեծի և մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանության փորձի հոդվածներով։