Մատչելիության հղումներ

Աժ մշտական հանձնաժողովի ընդդիմության թեկնածուին հարցեր ունեին հիմնականում իշխանական պատգամավորները


Ազգային ժողովի պատգամավոր Վահե Հակոբյան («Հայաստան)
Ազգային ժողովի պատգամավոր Վահե Հակոբյան («Հայաստան)

Ազգային ժողովում այսօր շարունակվեց 12 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը։

Ընդդիմությանը բաժին հասնող երեք հանձնաժողովներից մեկը տնտեսական հարցերի հանձնաժողովն է, առաջնահերթ ընդդիմությունը հենց այս հանձնաժողովն էր ընտրել։ Որպես տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու «Հայաստան» խմբակցությունը առաջադրել է իր պատգամավոր Վահե Հակոբյանին։

Նրա թեկնածությունը ներկայացրեց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը. - «2014-16 թվականներին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության ադմինիստրատիվ տնօրեն։ 2016-18 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ»։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին հետաքրքիր էր, թե ինչու էր բացակայում Հակոբյանի կենսագրականի այն հատվածը, երբ նա անդամակցել է ՀՀԿ -ին և հեղափոխությունից հետո դուրս եկել. - «Ի վերջո, ինչո՞վ էր սա պայմանավորված։ Միգուցե Հանրապետականի՝ իշխանությունը կորցնելո՞վ»։

«Բացարձակ», - պատասխանեց Հակոբյանը։ - «Մեկ բանով էր պայմանավորված՝ այլևս չէի ուզում զբաղվել քաղաքականությունով։ Էդ պահին։ Ու հետո դուք ստիպեցիք, որ ես վերադառնամ քաղաքականություն»։

Հակոբյանը ավելի քան 5 տարի ՝ 2011-2016 աշխատել է նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ -ում որպես մոնիթորիգի մասնագետ։ Նա չհամաձայնեց իշխանության ներկայացուցչի այդ ՊՈԱԿ-ի տրած «ֆեյքերի ֆաբրիկա» որակման հետ. - «Ֆեյքերի ֆաբրիկան ձեր օրոք ա եղել։ Երբ որ ես աշխատել եմ, ՊՈԱԿ-ը զբաղվում էր մի շարք հարցերով, հիմնականում հակաադրբեջանական քարոզով էին իրենք զբաղված»։

Իշխանական պատգամավորների հիմնական մտահոգությունը այն էր, որ Հակոբյանի՝ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնելը կարող է շահերի բախման ռիսկ առաջացնել՝ հաշվի առնելով նրա կապը Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ։

«Իսկ եթե կտեսնեք շահերի բախում ու կհիմնավորեք դա, ես առաջինը հետ կկանգնեմ էդ քվեարկությունից, կամ առհասարակ էդտեղ կարծիք արտահայտելուց», - ասաց Հակոբյանը։

Թե' Արծվիկ Մինասյանը Հակոբյանին ներկայացնելիս պնդեց, որ նա որևէ նյութական մասնակցություն պղնձամոլիբդենային կոմբինատում չունի, թե' ինքը Հակոբյանը հերքեց որևէ բաժնեմաս ունենալու հանգամանքը։ Հաստատեց սակայն պատգամավորի՝ պետռեգիստրից հանած տեղեկությունը, որ պղնձամոլիբդենայինում բաժնետեր է իր եղբայրը։

«Երեք տարի ձեր ուժը փորձում է մի տասը լումա գտնի էս կողմ կամ էն կողմ արած, չի գտել... Հիմա ի՞նչ եք ուզում ինձ հարցապնդեք։ Ես զարմանում եմ, վեցերորդ անգամ նույն հարցն եք տալիս, ֆանտազիան մի քիչ փոխեք», - նշեց Հակոբյանը։

Անդրանիկ Քոչարյանի հարցը վերաբերում էր Վահե Հակոբյանի ԱԱԾ-ում աշխատած տարիներ։ Պահե՞լ եք ԱԱԾ ծառայողի կարգավիճակը Քոչարյանի հարցը զարմացրեց Հակոբյանին, մի՞թե Քոչարյանը չգիտի, որ այլ աշխատանքի անցնելիս զորացրվում են ԱԱԾ-ից։

Քոչարյանն այլ հարցեր էլ ուներ. - «Ձեր ուղղաթիռը կա՞։ Մեկն ա, երկուսն ա...»

«Ես ուղղաթիռ չունեմ, պարոն Քոչարյան։ Դա Պաշտպանության բանակի ուղղաթիռն է եղել, որը մեր համագործակցության ընթացքում, չեմ կարող փակագծերը բացել թե որ պայմանագրի շնորհիվ, նաև կատարում էր մեկ-մեկ մեր խնդրանքը և մեզ տեղափոխում էր Կապանից Երևան», - պատասխանեց Հակոբյանը։

Իշխանական պատգմավոր Սարգիս Խանդանյանը առանձնացրել էր Հակոբյանի վերջին հայտարարագիրը ու խնդրեց կիսել իր հաջողության գաղտնիքը։ Ինչպե՞ս է ստացվել, որ երկար տարիներ պետական պաշտոնյա աշխատելով կարողացել է նման տպավորիչ կարողություն կուտակել։

«Ձեր նշած բնակարանները հարյուր տոկոսանոց վարկ են, Իսպանիայի տունը նույնպես ութսուն տոկոսանոց վարկով ձեռք բերված գույք է», - պատասխանեց Վահե Հակոբյանը։

Իշխանական մեկ այլ պատգամավոր՝ Էդուարդ Աղաջանյանն անհանգստացավ, թե ինչպե՞ս է Հակոբյանը փակելու վարկերը պատգամավորի համեստ աշխատավարձով։

«Իսպանիայի վարկը մեկ ու կես տոկոս ա, որը համարյա ձրի գումար ա, մի ձև հոգալու եմ։ Ընկերներս են հոգալու», - պատասխանեց Հակոբյանը։

Իշխանական պատգամավոր Վլադիրմիր Վարդանյանին հետաքրքում էին Հակոբյանի հայտարարագրած կտավները՝ Սարյան, Այվազովսկի։

Հակոբյանը ասաց. - «Այվազովսկին փոքրիկ, մոտավորապես 25-ը 30-ի վրա նկար ա։ Էդ երկու նկարները ժառանգություն են, կնոջս օժիտ»։

«Քաղաքացիական պայմանագիրն» ու «Հայաստան» դաշինքը հնչեցրին նաև մյուս հանձնաժողովների նախագահների իրենց թեկնածուների անունները։

XS
SM
MD
LG