Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը երեկվա երկու ձախողումներից հետո այսօր երրորդ փորձից ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ։ Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել էր 103 պատգամավոր, կողմ էր քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 37-ը, անվավեր ճանաչվել է 2 քվեաթերթիկ:
Այսպիսով՝ նորընտիր խորհրդարանի նախագահի և երեք փոխնախագահների ընտրությունը կայացած է։ Օրակարգային հաջորդ հարցը մշտական հանձնաժողովների ձևավորումն է։ Այս պահին գործող կարգավորումներով խորհրդարանում կա 11 մշտական հանձնաժողով, թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը նոր՝ 12-րդ հանձնաժողով ստեղծելու նախագիծ են ներկայացրել։ Այսօր նախ իշխող ուժի նախագիծը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Վլադիմիր Վարդանյանը։ Առաջարկում են տարանջատել առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը։
Տարանջատման հիմնավորումը անտրամաբանական է համարում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը. «Տպավորությունը ավելի շատ այն է, որ այստեղ խնդիրը ոչ թե բուն ուղղություններում այս ծավալային աշխատանքն է, որտեղ անհրաժեշտություն է առաջացել երկու մասի բաժանելու, այլ ընդամենը խնդիր կար ձեր խմբակցության ներկայացուցիչների ավելի հանձնաժողովի նախագահով ապահովելու և այդ մնացած ատրիբուտները ապահովելու տեսանկյունից»:
Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու համատեղ նախագիծ են ներկայացրել ընդդիմադիր 2 խմբակցությունները. առաջարկն այսօր ներկայացրեց «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Հայկ Մամիջանյանը: Արդեն կա Արցախ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողով, ինչո՞ւ հարաբերությունները իջեցնել մշտական հանձնաժողովի մակարդակի, իշխանությունների հարց-հակափաստարկին Մամիջանյանը արձագանքեց. «Խոսքը գնում է մշտական ռեժիմով իմ նշած խնդիրներով՝ Արցախի բանակցային գործընթաց, սոցիալական, ֆինանսական և այլ տեսակի աջակցություն և մի շարք այն ամենը, ինչ որ ներկայացրեցի ելույթումս, դրա հետ կապված ամենօրյա աշխատանք: Ազգային ժողովը այլևս երբեք չի կարող Արցախի հարցում հայտնվել լուսանցքում»:
44-օրյա պատերազմից հետո Հայաստանի խորհրդարանում նման հանձնաժողովի ստեղծումը կարևոր ուղերձ է համարում ԱԱԾ նախկին տնօրեն, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը. «Ուղերձ այն մասին, որ հայկական առաջին պետություն Արցախի մասին չի մոռացել, այնտեղ ապրող ժողովրդի մասին չի մոռացել, ձեռքերը Արցախից չի լվացել»:
Առանց միջադեպի չանցավ «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթը։ Վարչապետին անունով դիմելուց և որակում տալուց հետո Մկրտչյանը նկատողություն ստացավ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանից:
«Ձեր Նիկոլը այդ կործանարար պատերազմից հետո մեկ անգամ ռիսկ չի արել գնալ Արցախ», - ասաց Մկրտչյանը:
«Խնդրում եմ վարչապետին այլևս անունով չդիմել», - արձագանքեց Արշակյանը
Նույն ոճով ելույթը շարունակելուց հետո արագ դահլիճ եկավ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու անջատեց պատգամավորի բարձրախոսը, թեև ելույթն ըստ էության ավարտվել էր:
«Այս քվեարկությունը մնալու է պատմության մեջ, պատմության մեջ հետևյալ տեսական վերնագրով, թե ինչպես կարողացան ուղղակի անդեմ ու անկարծիք մարդիկ կապիտուլյանտ Նիկոլի հրահանգով դեմ լինել Արցախին, դեմ լինել Հայաստանի Հանրապետությանը», - հայտարարեց Մկրտչյանը:
«Տիկին Մկրտչյան, ես Ձեզ արգելում եմ այդ բառապաշարով այստեղ խոսելը, այո, իրավունք ունեմ: Ես կարող եմ նույնիսկ Ձեզ դահլիճից դուրս հրավիրել հիմա: Եթե ուզում եք աչքի ընկնել, աչքի ընկնելու շատ տարբեր ձևեր կան», - ասաց Ալեն Սիմոնյանը:
Արդեն հաջորդող բոլոր ելույթներում այս կամ այն կերպ գրեթե բոլոր պատգամավորները անդրադարձան այս միջադեպին։ Իշխանությունն ու ընդդիմությունը կարծես թե պայմանավորվեցին միմյանց անուններով չդիմել:
«Եթե այդ ռեակցիան է լինում, որևէ խնդիր չկա, առնվազն ես այսուհետ նշված անձի մասին խոսելիս կօգտագործեմ անուն-հայրանունի դիմելաձև, կասեմ Նիկոլ Վովայի», - հայտարարեց Մամիջանյանը:
«Մենք այստեղ իրար անունով չենք դիմում, և մեր թիմի ղեկավարը Հայաստանի Հանրապետության ղեկավարն է, նաև ձեր ղեկավարն է՝ ուզեք դա դուք, թե չուզեք», - ընդգծեց Սիմոնյանը:
Արդեն եզրափակիչ ելույթների ընթացքում Մամիջանյանը նկատեց, իշխանականները ավելի շատ խոսում էին ընդդիմության քան իրենց ներկայացրածից. «Եկեք ինքներս հետևություն անենք՝ որն է ավելի կարևոր, այն, որի մասին խոսում են գրեթե բոլորը, թե այն, որի մասին փաստացի որպես այդպիսի գրեթե քննարկումներ չծավալվեց»:
Իշխող ուժը հայտարարեց՝ կողմ են քվեարկելու իրենց նախագծին, ձեռնպահ ընդդիմության՝ Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկին:
«Այն աստիճան եմ կարևորում և բոլորս կարևորում ենք արցախյան հիմնախնդիրը, որ այն չենք իջեցնելու պարզ, սովորական, մշտական հանձնաժողովի մակարդակին», - հայտարարեց ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
67 կողմ 27 դեմ ձայնով իշխանության նախագիծը ընդունվեց, 33 կողմ դեմ 0 ձեռնպահ 68 ձայներով ընդդիմության նախագիծը մերժվեց։ Խորհրդարանը անցավ հանձնաժողովների նախագահների ընտրությանը։ Առաջին երկու հանձնաժողովներում առաջադրման իրավունքը իշխանությանն էր, 3-ինը՝ ընդդիմությանը և այսպես շարունակ։
Հանձնաժողովների նախագահները փակ գաղտնի քվեարկությամբ կընտրվեն արդեն հաջորդ նիստին՝ երկուշաբթի օրը: