Մատչելիության հղումներ

Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունն արդեն Հայաստանում է


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակույթունն արդեն Հայաստանում է, տեղեկացնում է ռազմական կառույցի լրատվական ծառայությունը։

Հաղորդագրությունում նշվում է, որ այսօր և վաղը նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի ռազմական և քաղաքական ղեկավարության հետ, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի և պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ։

Հանդիպումների ընթացքում Ստանիսլավ Զասը հայկական կողմին կտեղեկացնի ՀԱՊԿ պատասխանատվության ոլորտում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների մասին:

Գրիգորյանը Զասին է ներկայացրել Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ԶՈւ ներթափանցման արդյունքում ստեղծված իրադրությունը

Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն այսօր արդեն հանդիպել է Ստանիսլավ Զասի հետ, ներկայացրել Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ԶՈւ ներթափանցման արդյունքում ստեղծված իրադրությունը, ինչպես նաև Ադրբեջանի պարբերական սադրանքները, այդ թվում՝ Նախիջևանի տարածքից։

ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգային և կովկասյան տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հայկական կողմի գնահատականների շրջանակներում Արմեն Գրիգորյանը ուշադրություն է հրավիրել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքներին և դրանցից բխող սպառնալիքներին։ Երկուստեք շեշտվել է իրավիճակի դեէսկալացիայի անհրաժեշտությունը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և ընդգծվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արցախյան հիմնահարցի համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը։

Կողմերն անդրադարձել են նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությանը։

Քննարկվել են ՀԱՊԿ մեխանիզմների օգտագործման հնարավորություններն իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացում

Ստանիսլավ Զասն այսօր հանդիպել է նաև ԱԽ գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի հետ։

Անվտանգության խորհրդի գրասենյակի փոխանցմամբ՝ քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, դրա շուրջ վերջին զարգացումները և ՀԱՊԿ շրջանակներում առկա մեխանիզմների օգտագործման հնարավորությունները իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացում:

Ուշագրավ է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցը Հայաստան տեղի է ունենում այն պայմաններում, երբ ադրբեջանական զորքերը ամիսներ շարունակ ներխուժել են Հայաստանի տարածք, իսկ ՀԱՊԿ-ին ուղղված Հայաստանի դիմումները մնացել են անհետևանք։

XS
SM
MD
LG