Մատչելիության հղումներ

Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանի վիճակը, ըստ բժիշկների, արդեն կայուն է


Կոտայքի մարզի սեփական բնակարանում դիմակավոր 2 անձանց կողմից հարձակման ենթարկված Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանի վիճակը գնահատվում է ծանր, սակայն բժիշկների խոսքով, արդեն կայուն։

Նա Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել կիրակի գիշերը, ենթարկվել է շտապ վիրահատության։

«Նոր Հաճն քաղաքի շտապօգնությունով Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 42-ամյա Անտոնյան Արմանը, բազմաթիվ կտրած-ծակած վերքերով որովայնի, կրծքավանդակի, գլխի ուսահոդի շրջանի: Կյանքի ցուցումներով շտապ տեղափոխվել է վիրասրահ, վիրահատվել է, վիրահատությունը բավականին ծավալուն է եղել, որից հետո հնարավոր է եղել կայունացնել հիվանդի վիճակը և տեղափոխել վերակենդանացման բաժանմունք, որից հետո ներկա պահին հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում», - ասաց Բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Խաչատուրյանը:

Խաչատուրյանի խոսքով՝ Անտոնյանի կյանքի ցուցանիշները վերջին 24 ժամում արդեն կայուն են եղել. «Հիվանդը լիարժեք կոնտակտի մեջ չէ, բայց որոշակի գիտակցական էլեմենտներ, իհարկե, կան, փորձում ենք իրա հետ կոնտակտ պահել»:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը այսօր օրվա առաջին կեսին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իրենց գործընկերոջ դաժան ծեծն ու դանակահարությունը, նախնական գնահատականով կարող է կապ ունենալ Արման Անտոնյանի ավագանու գործունեության հետ. «Այլ մանրամասներ այս պահին չենք ցանկանում հաղորդել, որպեսզի չխանգարենք նախաքննության ընթացքին։ «Իմ քայլը» խմբակցությունը խստորեն դատապարտում է կատարվածը և ակնկալում, որ իրավապահ մարմինները հնարավորինս սեղմ ժամկետներում կբացահայտեն կատարվածը, իսկ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ»։

խմբակցության քարտուղար Արմեն Գալջյանն ասում է՝ որոշակի ենթադրություններ ունեն, թե ինչու է Անտոնյանը հարձակման ենթարկվել, սակայն դեռ չեն մանրամասնում։

«Մենք ունենք որոշակի վարկածներ, որոնք այս պահին վերլուծում ենք, ոստիկանությունը օպերատիվ-հետախուզական աշխատանքներ է կատարում, հարուցվել է քրեական գործ», - նշեց Գալջյանը:

Հարուցվել է քրեական գործ միանգամից մի քանի քերական հոդվածներով՝ բնակարան ապօրինի մուտք գործելու, ծեծի և մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանության փորձի հոդվածներով։

Առգրավվել են անվտանգության տեսախցիկների նկարահանումները, կատարվել այլ քննչական աշխատանքներ՝ պարզելու հարձակված դիմակավոր անձանց ինքնությունը։

Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վարդան Թադևոսյանի խոսքով՝ Անտոնյանը Կոտայիք Նոր Արտամետ գյուղում գտնվող բնակարանում եղել է 87-ամյա պապիկի հետ, որը ևս վնասվածքներ է ստացել, սակայն՝ ոչ ծանր։ Նախնական տեղեկությամբ՝ տնից ոչինչ չի անհետացել, գողություն տեղի չի ունեցել։

«Մոտավորապես 11 դանակի հարված է ստացել Անտոնյանը, իսկ պապիկը գլխի գանգուղեղի հատվածում է վնասվածք ստացել», - ներկայացրեց Թադևոսյանը:

Մենք այցելեցինք նաև Նոր Արտամետ գյուղ, սակայն ավագանու անդամի ընտանիքի անդամները հրաժարվեցին զրուցել մեզ հետ՝ նշելով, որ չեն ցանկանում վնասել քննչական գործողություններին։

Ավագանու անդամ Արման Անտոնյանի ուշադրության կենտրոնում իր աշխատանքի ընթացքում եղել են հատկապես սպորտին, երևանի մարզադպորցներին առնչվող թեմաները, պատմում է նրա գործընկեր Արմեն Գալջյանը։

«Պարոն Անտոնյանը բավականին ակտիվ է սպորտի ոլորտում և պարբերաբար բարձրաձայնում է սպորտին առնչվող հարցեր և հատկապես վերջին շրջանում ակտիվ գործունեություն է ծավալում, և ես գիտեմ, որ որոշակի կոնֆլիկտային հարցեր կան այդ ոլորտի որոշ ներկայացուցիչների հետ, ես չեմ ուզում այս պահին որևէ պնդում անել, բայց նախնական կասկածներ, վարկածներ ունենք, որ հենց այդ գործունեության պատճառով է միջադեպը տեղի ունեցել», - նշեց Գլջյանը:

Երևանի ավագանու վերջին նիստին ավագանու անդամները հավանության էին արժանացրել Անտոնյանի առաջարկած նախագիծը, ըստ որի Երևանի համայնքային սպորտային 2 կազմակերպություն միացում էին, ստեղծվում էր նոր ընդհանուր ՀՕԱԿ, ինչպես նաև սրա արդյունքում Yerevan Velodrome կազմակերպությունը կարող էր զրկվել բյուջեով ամեն տարի իրենց հատկացվող մոտ 50 միլիոն դրամից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG