Թուրքիան լուրջ ներդրումներ է կատարում պաշտպանական արդյունաբերության մեջ, գրում է Business Insider-ի մեկնաբան Բենջամին Բրիմելոուն:
Անկարան, ինչպես նշում է վերլուծաբանը, վերջին շրջանում զգալիորեն ընդլայնել է ռազմական տեխնիկայի արտադրությունը և դա անում է ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հնարավորինս քիչ կախված լինելու համար, որպեսզի կարողանա նվազագույնի հասցնել իր դեմ սահմանված պատժամիջոցներից վնասը, և այս քաղաքականությամբ նաև ազդանշան է ուղարկում Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերներին:
Հունիսին Թուրքիան մասնավորապես փորձարկել է Atmaca թևավոր հրթիռը, որը, գրում է վերլուծաբանը, թուրքական բանակի համար կփոխարինի ամերիկյան արտադրության նույն տիպի Harpoon հրթիռային համակարգը:
Վերջին տարիներին Անկարան զգալիորեն ընդլայնել է սպառազինությունների՝ թնդանոթների, հրթիռների, տանկերի և ռազմանավերի արտադրությունը և նույնիսկ դարձել է զենք արտահանող երկիր, նշում է հեղինակը:
Վերլուծաբանի կարծիքով՝ Անկարան կենտրոնացել է սեփական ռազմական տեխնիկայի զարգացման վրա նախ պատժամիջոցների պատճառով, որոնք Թուրքիայի դեմ սահմանել են Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերները Ռուսաստանի հետ ռազմարդյունաբերական ոլորտում սերտ համագործակցության համար նաև:
Անկարան վերջին տարիներին անտեսելով Վաշինգտոնի դժգոհությունը Մոսկվայից գնել է S-400 (C-400) համակարգեր և այդ պատճառով դուրս մնացել ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագրից:
Միևնույն ժամանակ, վերլուծաբանը կարծիք է հայտնում, որ Թուրքիան ռազմական արդյունաբերության մեջ ակտիվ ներդրումներ է կատարում նաև այն պատճառով, որ չի ուզում ռազմական հարցերում շատ հետ մնալ իր ավելի հզոր հարևան Ռուսաստանից: