Մատչելիության հղումներ

Լեհաստանը Թուրքիայից 24 հատ «Բայրաքթար» կգնի


Լեհաստանը կդառնա աշխարհի հինգերորդ պետությունը՝ Ադրբեջանից, Ուկրաինայից, Քաթարից և Լիբիայից հետո, որ ձեռք կբերի թուրքական արտադրության «Բայրաքթար» մակնիշի անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին շաբաթ օրը, լեհական լրատվամիջոցների հետ զրույցում, հայտարարեց երկրի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը՝ ակնարկելով, որ թուրքական դրոններ ձեռք բերելու Վարշավայի որոշման վրա ազդել են նաև հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի արդյունքները։

«Սա մի զինատեսակ է, որ Լեհաստանի բանակը երբեք չի ունեցել։ Բայց սա իրական սպառազինություն է, որն իր արդյունավետությունն ապացուցել է մարտում՝ նախ Մերձավոր Արևելքում, ապա նաև Եվրոպայի արևելքում», - հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարարը։

Բլաշչակը նույն օրը այս միտքը կրկնեց նաև Twitter-ի իր էջում կատարված գրառմամբ։

«Լեհական բանակին ժամանակակից սպառազինություն կմատակարարվի՝ մասնավորաբար հարվածային «Բայրաքթար»-ներ, որոնք իրենց արդյունավետությունն ապացուցել են մեր մայրցամաքի արևելքում տեղի ունեցած պատերազմների ընթացքում։ Այդ դրոնները օգտագործվել են նաև Աֆրիկայում», - գրել էր Լեհաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը։

Ընդհանուր առմամբ Լեհաստանը պատրաստվում է 24 թուրքական դրոն գնել։

«Նախատեսվում է, որ թուրքական անօդաչու թռչող սարքերը Լեհաստան կհասնեն արդեն հաջորդ տարի, դրանց հետ միասին նաև հակատանկային հրթիռներ են մատակարարվելու։ Գործարքի մաս են կազմում նաև [լեհական անձնակազմի] մարզումները», - Բլաշչակի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը։

Ոչ Անկարան և ոչ էլ Վարշավան առայժմ չեն հստակեցնում սպառազինության վաճառքի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների ֆինանսական կողմը։ Խոսքը, սակայն, ըստ ամենայնի հարյուրավոր միլիոնների հասնող գումարի մասին է։

Բանն այն է, որ ըստ բաց աղբյուրներում առկա տեղեկատվության, «Բայրաքթար»-ների մեկ ստանդարտ խմբաքանակը, որն իր մեջ վեց անօդաչու թռչող սարք և դրանց կառավարման երեք կետ է ընդգրկում, արժե 70 միլիոն ամերիկյան դոլար։

Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն, ի դեպ, Վարշավայում նաև որոշակի հարցեր են առաջացրել։ Պատճառն այն է, որ դրոնները ձեռք են բերվում առանց նախապես գնման մրցույթ հայտարարելու՝ հետևաբար նաև առանց լեհական ընկերությունների ներգրավման։ Պաշտպանության նախարար Բլաշչակի խոսքով՝ դրա պատճառն այն է, որ Լեհաստանի ռազմարդյունաբերական համալիրն առայժմ ի վիճակի չէ այնպիսի անօդաչու թռչող սարքեր արտադրել, որոնք կարողանային մրցել «Բայրաքթար»-ների հետ։

Ուշագրավ է, որ դրոնների ձեռքբերման մասին Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտարարեց նախագահ Անջեյ Դուդայի՝ պաշտոնական այցով Թուրքիա մեկնելու նախօրեին։ Լեհաստանի նախագահը Անկարա ժամանեց կիրակի երեկոյան։ Առաջիկա ժամերին կմեկնարկեն Դուդայի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ առ դեմ բանակցությունները։ Դրանց ընթացքում նախագահները կքննարկեն երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք թեմաներ։

Լեհական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Էրդողանն ու Դուդան պատրաստվում են քննարկել նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։ Բանակցությունների ավարտին երկու նախագահները մի շարք համաձայնագրեր կստորագրեն, որոնց թվում է լինելու նաև «Բայրաքթար»-ների վաճառքի մասին պայմանագիրը։

XS
SM
MD
LG