Ձայների 64 կողմ, 37 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ, երրորդ քվեարկության արդյունքում Իշխան Սաղաթելյանն ընտրվեց ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում։
Նրա թեկնածությունն առաջադրել էր «Հայաստան» դաշինքը։
107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 103-ը, 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։
«Շնորհակալություն եմ հայտնում շուրջ 270 հազար քաղաքացիներին։ Դուք մեզ տվել եք մանդատ և մենք պարտավոր ենք Ազգային ժողովում լիարժեք ներկայացնել ձեզ։ Շնորհակալ եմ նաև այն քաղաքացիներին, ովքեր մասնակցել են ընտրություններին, բայց մեզ չեն քվեարկել, մենք ներկայացնելու ենք նաև իրենց շահերը», - հայտարարեց Սաղաթելյանը՝ շարունակելով․ - «Ազգային ժողովի պատգամավորն առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով։ Իմ խիղճն ինձ թելադրում է, որ մտահոգ լինեմ երկրում ստեղծված իրավիճակով, չհամակերպվել այն իրավիճակին, որ գոյություն ունի, և իմ համոզմունք է, որ երկիրն ունի բազմաթիվ խնդիրներ և մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարվեն։ Ես պատրաստ եմ լուրջ աշխատանքի և ներկայացնելու եմ ժողովրդի ձայնը խորհրդարանում»։
Ազգային ժողովը երեկ ողջ օրվա ընթացքում այդպես էլ ընդդիմադիր փոխխոսնակ չընտրեց։ ԱԺ փոխխոսնակի ընտրությունը տապալելու համար իշխանությունն ու ընդդիմությունը մեղադրում էին միմյանց։ Եթե առաջին քվեարկության ժամանակ Իշխան Սաղաթելյանին միայն 1 ձայն էր պակասում ընտրվելու համար, ապա երկրորդ քվեարկությունից հետո ընտրվելու համար պակասում էր արդեն 5 ձայն։
Խորհրդարանն այժմ քննարկում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ստեղծման հարցը։