Մատչելիության հղումներ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին


Միխայիլ Մյասնիկովիչ, Նիկոլ Փաշինյան, արխիվ
Միխայիլ Մյասնիկովիչ, Նիկոլ Փաշինյան, արխիվ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Ըստ վարչապետի գրասենյակի՝ Մյասնիկովիչի ուղերձում մասնավորապես ասված է.- «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անունից ընդունեք ամենաանկեղծ շնորհավորանքները Ձեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Համոզված եմ, որ բարձր պետական պաշտոնում Ձեր գործունեությունն այսուհետ ևս կնպաստի հայկական պետականության կայուն երկարաժամկետ զարգացմանը և եվրասիական ինտեգրման ամրապնդմանը: Ձեր կառավարման և միջազգային հարուստ փորձը, ինչպես նաև անձնական ուժեղագույն որակները հանդիսանում են ՀՀ կառավարության հաջող և արդյունավետ աշխատանքի գրավականը, եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հիմնասյունը:

Մաղթում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության կառավարությանը հաջող գործունեություն՝ ի շահ Հայաստանի ժողովրդի և Եվրասիական տնտեսական միության»:

Նիկոլ Փաշինյանը վարչապետ նշանակվեց երեկ. ըստ Սահմանադրության՝ «Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում [...] խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին»:

Օգոստոսի 2-ին կայացավ հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանի առաջին նիստը:

XS
SM
MD
LG