Չնայած վերջին օրերին ամերիկյան դոլարի փոխարժեքը բարձրանում է, բայց տարադրամի փոխանակման կետերում հանգիստ է, մեր այցելության պահին հերթեր չկային: Այդուհանդերձ, ինչպես «Ազատությանն» ասաց տարադրամի փոխանակման կետերից մեկի`տեսանկարահանվել չցանկացած աշխատակիցը, դոլարի պահանջարկն ավելացել է:
«Ինչ հայտնեցին հեռուստացույցով, որ մեր մոտ կորոնավիրուսը կա, էդ օրվանից խառնվեց ամեն ինչ», - ասաց նա:
Մեկ այլ փոխանակման կետի աշխատող ասաց, թե նաև զբոսաշրջիկների սակավությունն է նպաստում, որ դոլար գրեթե չեն մանրում. – «Վերջին մեկ շաբաթվա մեջ 12 դրամով բարձրացել է: Վերջին երեք տարվա մեջ չի եղել սենց տատանում: Համեմատած անցած տարվա հետ, զբոսաշրջիկներն էլ քիչ են»:
ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանն ասում է, որ կորոնավիրուսի տարածման և ռուսական ռուբլու արժեզրկման ֆոնին հայկական դրամի արժեզրկումը սպասելի էր և տրամաբանական, համահունչ միջազգային իրավիճակին և նույնիսկ անհրաժեշտ, որպեսզի արտահանողները շատ չտուժեն. – «Այս առումով և' արտահանողներների, և' արտարժույթով փոխանցումներ ստացողների համար դրական է դրամի արժեզրկումը: Նկատի ունեմ և' տրանսֆերտները, և' աշխատանքի դիմաց վարձատրություն ստացողները, որոնց եկամուտները ձևավորվում են դոլարով կամ ռուսական ռուբլով»:
Ըստ տնտեսագետի, դրամի արժեզրկումը այնքան էլ ձեռնտու չէ ներկրողների համար ու կհանգեցնի նաև որոշակի գնաճի: Սակայն վերջին շրջանում Հայաստանի տնտեսությունում գնաճի միտումը մեծ չէին, անգամ գնանկում էր նկատվում: Ուստի սպասվող գնաճը, Ֆանյանի խոսքով, կլինի Կենտրոնական բանկի սահմանված նպատակային 4 տոկոսի շրջակայքում. – «Նույնիսկ դրամի արժեզրկումը, որը կհանգեցնի գնաճի, ես կարծում եմ, շատ կտրուկ չի լինի, ինչպես, օրինակ, վերջին տարիներին արձանագրվում էր հարևան Ադրբեջանում կամ Վրաստանում: Բայց այն մարդիկ հատկապես, որոնք եկամուտները դրամով է գոյանում, որոշակի բարդություններ կունենան: Նաև այն մարդիկ, ովքեր ունեն դոլարային պարտավորություններ»:
Տնտեսության վրա ազդեցությունը, ըստ նրա, կախված է այն բանից, թե կորոնավիրուսի ու նավթի գների հետ կապված իրավիճակը որքան կտևի:
Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա այն ավելի համեստ կլինի, քան ակնկալվում էր տարվա սկզբին: Սակայն 2020 թվականի բյուջեի հիմքում դրված 4,9 տոկոս աճի կանխատեսումը վերանայելու կարիք դժվար թե լինի, քանի որ այն արդեն իսկ բավական համեստ էր՝ անցած տարվա վերջին բարձրաձայնվող ակնկալիքների համեմատ. – «Մեր սպասումները իրականում 2020 տնտեսական աճի վերաբերյալ պետք է լինեն շատ ավելի չափավոր: Բյուջետային ցուցանիշները, կարծում եմ, կարիք չի լինի վերանայել, որովհետև արդեն խիստ չափավոր են»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ կորոնավիրուսի պատճառով ստեղծված վիճակի հետ կապված վարկերի տոկոսների մարումը պետք է սառեցվի առնվազն 3 ամիս ժամանակով, քանի որ կանխարգելիչ միջոցառումների հետևանքով քաղաքացիները տնտեսապես տուժում են և չեն ստանում այն եկամուտները, որոնք ակնկալում էին:
Նա նամակ է ուղղել Կենտրոնական բանկի նախագային՝ առաջարկելով հայաստանյան առևտրային բանկերի հետ անհապաղ քննարկել վարկերի մարումը սառեցնելու հարցը. – «Պետք է տոկոսների մարումը հետաձգվի առնվազն երեք ամսով»:
Կենտրոնական բանկից փոխանցեցին, որ պատգամավորի դիմումը ի գիտություն կընդունեն։ Մինչ այդ, մեկ բանկ և մեկ վարկային կազմակերպություն արդեն իսկ որոշում են կայացրել երկու և մեկ ամոսվ վարկային արձակուրդ սահմանելու մասին:
Վարչապետ Փաշինյանն այսօր անդրադարձել է համաշխարհային տնտեսության վիճակին` նշելով, որ Հայաստանի տնտեսությունը ևս կարող է տուժել այդ զարգացումներից։
Սակայն վարչապետը կոչ է արել ճգնաժամի մեջ նաև հնարավորություններ փնտրել. – «Հայաստանի տնտեսության համար այս ժամանակաշրջանը ոչ միայն պրոբլեմներ կստեղծի, այլև կբացի հնարավորություններ»: