Մատչելիության հղումներ

ԱԺ դահլիճում խստացվում է անվտանգությունը, որ պատգամավորները դանակ, պատառաքաղ ու զենք ներս չտանեն. իշխանական պատգամավոր


8-րդ գումարման Ազգային ժողովն աշխատանքները սկսում է արտակարգ պայմաններում։ Նիստերի դահլիճի բոլոր մուտքերի մոտ տեղադրվել են մետաղորսիչ սարքեր, և պատգամավորներն ամեն անգամ նիստերի դահլիճ ելումուտ անելիս պարտադիր պետք է անցնեն դրանց միջով։ Այսպիսի անվտանգային միջոցառումները նիստերից առաջ աննախադեպ են Ազգային ժողովում: Իշխանությունն անհանգիստ է:

«Ազատություն» - Պարո՛ն Սիմոնյան, ինչո՞ւ եք այսպիսի անվտանգային միջոցառումներ ձեռք առել, ի՞նչ վտանգներ կան։

Ալեն Սիմոնյան - Որովհետև այս շենքում տեղի է ունեցել Հոկտեմբերի 27, և հիմա մենք գտնվում ենք պատերազմական դրության մեջ, աշխարհաքաղաքական մեծ փոթորիկներ են տեղի ունենում, և անվտանգությունն ամենակարևոր բանն է Հայաստանի Հանրապետության համար։

Իսկ հատուկ պաշտպանվող Ազգային ժողովի նիստերի դահլիճին ո՞ր կողմից է վտանգ սպառնում, հարցրինք մեծ փոթորիկներից անհանգստացած Ալեն Սիմոնյանին։

Ալեն Սիմոնյան - Նիստերի դահլիճին կարող է նաև վտանգ սպառնալ այն մարդկանցից, ովքեր օրինակ` կազմակերպում էին վարչապետի և վարչապետի ընտանիքի գնդակահարությունը Բաղրամյան պողոտայի վրա:

Բաղրամյան պողոտան փետրվարին Փաշինյանի իշխանության հրաժարականի պահանջով փակել էր «Հայրենիքի փրկության շարժումը»։ Ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը 22 տարի առաջ տեղի ունեցած Հոկտեմբերի 27-ով մտահոգվել վերընտրվելուց հետո, Ալեն Սիմոնյանը հետպատերազմական իրավիճակով է բացատրում և ոչ միայն. «Այս դահլիճում տեղի է ունեցել Հոկտեմբերի 27, ուզում եմ հիշեցնել, որ նախկին դաշնակցականը, որը լրագրող էր աշխատում Ազգային ժողովում, հոկտեմբերի 27-ին ներս է մտել այս դահլիճ և գնդակահարել է երկրի (կարելի է ասել) ամբողջ ղեկավարությանը»:

Դաշնակցական Գեղամ Մանուկյանը, որ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» դաշինքով, Ալեն Սիմոնյանին խորհուրդ է տալիս իր առանցքային թիմակից Անդրանիկ Քոչարյանից ճշտել՝ ով է հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանին Ազգային ժողովի շենք մտնելու անցաթուղթ տվել. «Խորհուրդ կտամ իրենց խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանից թող հետաքրքրվեն` այդ ժամանակ Նաիրի Հունանյանն ինչ անցագրերով էր մուտք գործում»:

Օգոստոսի 2-ից նիստերի դահլիճում կաշխատեն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի սատարած «Պատիվ ունեմ» դաշինքները։ Ալեն Սիմոնյանի թիմակից, պատգամավոր Հովիկ Աղազարյանը տարակուսած է` ինչո՞ւ են մտածում, որ նոր Ազգային ժողովում անվտանգությունն ուժեղացվել է միայն իշխանության պաշտպանության համար։

Աղազարյանի վարկածով՝ Ազգային անվտանգության ծառայությունը հավանաբար կասկածներ ունի, որ իշխող թիմում էլ կլինեն տաքարյուն պատգամավորներ, որ չեն մոռացել ընդդիմադիրների վիրավորանքները և կուզենան հաշվեհարդար տեսնել. «Չի բացառվում, որ իմ գործընկերների մեջ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության պատգամավորների մեջ լինեն պատգամավորներ, ովքեր վիրավորվածության աստիճանն այնքան բարձր է, որ չի հաղթահարել դեռ բարիերները, և կարող է պատահի` իրեն թույլ տա մեր ընդդիմադիր գործընկերների նկատմամբ մի որևէ գործողություն բռնության տեսքի, որը մենք էլ կգտնենք, որ հետո դա անընդունելի է»:

Իշխանական պատգամավոր Աղազարյանը, որ կշարունակի օրենսդրական աշխատանքը նոր խորհրդարանում, վստահ է՝ անվտանգությունն ուժեղացվել է, որ իշխանական ու ընդդիմադիր պատգամավորները նիստերի դահլիճ անթույլատրելի առարկաներ չտանեն, օրինակ. «Դանակ, պատառաքաղ, նաև զենքեր, բնականաբար»:

«Ծիծաղելի է, այնքան վախեցած են, որ նույնիսկ նման միջոցների են դիմում», - ասում է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը` հավելելով` ծիծաղելի չէ, ավելի ճիշտ` ողբերգություն է: Հակառակորդը շուրջ երեք ամիս է` Հայաստանի ինքնիշխան տարածքում կիլոմետրերով առաջ է եկել, դիրքեր կառուցել, կրակում է, իսկ Փաշինյանի թիմը խիստ մտահոգված է նիստերի դահլիճի մուտքերի ամրությամբ։

«Ամեն օր մեր երկիրն անպաշտպան է: Թող մի վայրկյան մտածեն, որ երկու ամսից ավելի է` թուրքը` թշնամին եկել, նստել է Հայաստանի Հանրապետության տարածքում, մեկը ծպտուն հանո՞ւմ է, համակերպվել են: Ուզում են «Հայաստան» դաշինքի ամեն պատգամավորի աթոռի մետաղորսիչ սարք դնել, նրանք պետք է վախենան մեկ կարևոր այլ բանից` Հայաստանի Ազգային ժողով գալիս է արմատական ընդդիմություն, և նրանք պետք է վախենան այն քաղաքական պայքարից, ամենօրյա այն քաղաքական հարվածներից, որ ստանալու են իրենք ընդդիմությունից», - ասում է ընդդիմադիր պատգամավորը:

Խորհրդարանում անվտանգության խստացումն այդքանով չի սահմանափակվի, ասում է Ալեն Սիմոնյանը, որին իշխանությունը կառաջադրի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում: Թե մետաղորսիչ սարքերից էլ ինչեր են անելու, փակագծեր չի բացում. «Կարծում եմ` սա միակ անվտանգությանը միտված քայլը չի լինելու, և մենք էլի որոշ հատվածներում պետք է դիտարկենք անվտանգության ռեժիմի բարձրացումը»:

Իշխանությունը մտադիր է սահմանափակել նաև Ազգային ժողովի շենքում լրագրողների ազատ տեղաշարժը։ Այս մասին բարձրաձայնեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Ալեն Սիմոնյանն այժմ այս թեմայի մասին չի ուզում խոսել։ Թե ինչ կա Ազգային ժողովի նախագահի իշխանական թեկնածուի մտքին, խոստացավ ավելի ուշ խոսել այդ մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG