Մատչելիության հղումներ

ՊՆ. Հայկական կողմի գործողություններից հետո Ադրբեջանի ԶՈւ-ի կրակն ու ամրաշինական աշխատանքները դադարեցվել են


Ադրբեջանական զինված ուժերն այսօր` 06։30-ին, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ և փորձել ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:

«Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է, ամրաշինական աշխատանքները դադարեցվել են», - հայտնում է պաշտպանական գերատեսչությունը:

Ժամը 11։00-ի դրությամբ, ըստ ՊՆ-ի, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է Հայաստանի զինուժի լիարժեք վերահսկողության ներքո։

Հուլիսի լույս 28-ի գիշերը և առավոտյան մարտական գործողություններ են ծավալվել հայ - ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում: Հայկական կողմը հաղորդում է դրանց հետևանքով 3 զոհի և 4 վիրավորի, ադրբեջանական կողմը՝ 2 վիրավորի մասին:

Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Հուլիսի 28-ի ժամը10։40-ից հաստատվել է հրադադար։

Այդուհանդերձ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է հուլիսի լույս 29-ի գիշերը և առավոտյան ադրբեջանական կողմից հրադադարի խախտումների մասին, որոնց հետևանքով վիրավորվել է հայ զինծառայող:

Երեկ ևս Հայաստանի ռազմական գերատեսչությունը տեղեկացրեց գիշերը սահմանի նույն հատվածում անօդաչու թռչող սարքերի՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր կասեցնելու, ինչպես նաև կեսօրից քիչ առաջ Երասխի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցների մասին:

Մինչդեռ Հայաստանի ռազմական գերատեսչության կողմից տարածված հաղորդագրություններից ժամեր առաջ ադրբեջանական կողմը հասցրել էր հերքել տեղեկությունը։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը ապատեղեկատվություն է որակել լուրը, որ հայկական կողմը Ադրբեջանի զինուժին պատկանող անօդաչուներ է խոցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG