Մատչելիության հղումներ

«Հայաստանում այսպիսի բան չկա»․ Դեբեդ գյուղում բացվեց «Սմարթ» կենտրոնը


Այսօր Լոռու մարզի Դեբեդ գյուղում բացվեց «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի միջոցներով կառուցված «Սմարթ» կենտրոնը։

Մոտ երեք տարի տևած շինարարությունից հետո ընդարձակ ու ժամանակակից ճարտարապետական լուծումներով շենք է կառուցվել գյուղ տանող ճանապարհին։

Դեբեդում և շրջակա գյուղերում կյանքն ակտիվացնելու նպատակով ստեղծված կենտրոնն արտադպրոցական կրթության հնարավորություն կտա ինչպես երեխաներին, այնպես էլ մեծերին, ասում է կենտրոնի տնօրեն Քրիստ Մարուքյանն՝ ընդգծելով՝ այստեղ միաժամանակ 200 մասնակից կարող է ստանալ արվեստի, արհեստի, գյուղատնտեսության և բիզնեսի հմտություններ, տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված գիտելիքներ ու լեզուներ սովորել։

«Առաջին մեծ պահանջարկ առաջացնողը անգլերենի ծրագրերն են հիմնականում, համակարգչայինը, բայց նաև, երբ որ ծանոթանում են մնացած ուղղությունների հետ, քանի որ չգիտն, թե ինչ կարող են ուզել, երբ որ իմանում են, թե ինչ կարող են ուզել, ուզում են նաև արհեստներ, ռոբոտաշինություն, պար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարուքյանը։

Հայաստանում արդեն 14 տարի բարեգործական ծրագրեր իրականացնող հիմնադրամի նախագահ Գարո Արմենը հույս է հայտնում, որ 88-ի երկրաշարժից տուժած և արտագաղթի բարձր ցուցանիշներ ունեցող Լոռիում ընդամենը մի քանի տարի անց պատկերը փոխվելու է։

«Հուսով եմ, որ «Սմարթ»-ի միջոցով իրենք բոլոր ճյուղերով առաջընթաց կունենան։ «Սմարթ»-ի դիզայնը տեսաք, Հայաստանում այսպիսի բան չկա, և մենք հույս ունենք, որ ոչ թե 10-20 տարվա ընթացքում, այլ 1,2, 3 տարվա ընթացքում շատ փոփոխություններ կտեսնենք», - ասաց Գարո Արմենը։

Կենտրոնը կառուցելու, կահավորելու և գործունեության մեկնարկին նախապատրաստելու ամբողջ ծախսը կազմել է հինգուկես միլիոն դոլար, ասում է Գարո Արմենը, շեշտելով՝ ներդրումներ են արել ինչպես հայ բարերարներ, այնպես էլ հոլիվուդյան աստղեր։

Կենտրոնի ստեղծման և գործունեության համար պետական միջոցներ չեն ծախսի, ասում է ամերիկահայ բարերարը։

«Տարվա բյուջեն հիմա կես միլիոն դոլարի չափ է, բոլորը ձրի են, մենք երեխաներով գումար չենք հավաքել», - ասաց Գարո Արմենը։

Անվճար դասընթացների համար մասնագետներ կհրավիրվեն Հայաստանից ու արտասահմանից։

Այսօր Դեբեդի «Սմարթ»կենտրոն էին այցելել նաև «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի այլ մարզերում իրականացրած տարբեր կրթական ծրագրերին մասնակցած սաները, ովքեր երկու տարվա կրթությունից հետո վարժ խոսում էին անգլերեն, իրենց ստեղծած ռոբոտներին հրահանգներ տալիս։

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր-նախագահ Գարո Արմենը թեև նշում է, որ իրենց ծրագրերի շրջանակներում պետական կառույցների հետ առանձնապես առնչություն չեն ունենում, բայց կարևորում է երկրում տեղի ունեցած իշխանափոխությունը։

«Ես մեծ մորս միջոցով միշտ հպարտ եմ եղել իբրև հայ, բայց դժբախտաբար Հայաստանի հպարտության հետ խնդիր ունեինք, որովհետև իշխանության կոռուպցիայի խնդիրները շատ մեծ էին, հիմա որ փոփոխություններ կան և այդ փոփոխությունները ժողովրդի առաջարկած փոփոխություններն են, շատ կարևոր է, որ մենք, իբրև ժողովուրդ, որոշենք մեր ապագայի պայմանները, դա ամենակարևոր հարցն է», - ասաց բարերարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG