Մատչելիության հղումներ

ԱՄՆ Ներկայացուցիչների տունն ընդունել է Ադրբեջանին ռազմական օգնությունը սահմանափակող օրինագիծ


ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոն, արխիվ
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոն, արխիվ

ԱՄՆ Ներկայացուցիչների տունը չորեքշաբթի օրը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել կոնգրեսական Ֆրենկ Փալոնի նախաձեռնած օրինագծին, որը հաջորդ տարի կսահմանափակի ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը Ադրբեջանին:

Փաստաթուղթը, որին միացել էին թե՛ դեմոկրատական, թե՛ հանրապետական օրենսդիրներ,արձանագրում է, որ 2022 թվականի բյուջով Ադրբեջանը չի կարող միջոցներ ստանալ Միջազգային ռազմական կրթության ու վերապատրաստման, ինչպես նաև Արտաքին ռազմական ֆինանսավորման հոդվածներով:

Կոնգրեսական, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը ողջունել է փաստաթղթի ընդունումը: Օրվա առաջին կեսին, հղում անելով հայ֊ադրբեջանական սահմանի լարվածությանը, կոնգրեսականը Թվիթերում գրել էր. - «Ադրբեջանի հարձակումները մասն են մի ծրագրի, որի նպատակն է յուրացնել Հայաստանի տարածքը և հարվածել ժողովրդավարությանը»:

Այդուամենայնիվ, ուժի մեջ է մնում օրենքի մեկ այլ դրույթ, որով Բաքուն անցած տարիներին տասնյակ անգամներ ավելի շատ գումար է ստացել` ահաբեկչության, թրաֆիքինգի կամ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար: Անցած երկու տարում, մասնավորապես, այդ նպատակով Ադրբեջանին հատկացված գումարները կազմել են մոտ 100 միլիոն դոլար: ԱՄՆ Հայ դատի գրասենյակը հայտարարել է, որ կշարունակի պայքարը նաև այս հնարավորությունը չեղարկելու համար:

Անցած գիշեր և չորեքշաբթի առավոտյան մարտական գործողություններ են ծավալվել հայ - ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում: Հայկական կողմը հաղորդում է դրանց հետևանքով 3 զոհի և 4 վիրավորի, ադրբեջանական կողմը՝ 2 վիրավորի մասին:

Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Հուլիսի 28-ի ժամը10։40-ից հաստատվել է հրադադար։

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG