Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեն հետախուզում է հայտարարել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ


Նախորդ շաբաթ Գորիսում տեղի ունեցած կրակոցների գործով արդեն մի քանի օր է, ինչ Քննչական կոմիտեն հետախուզում է հայտարարել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի նկատմամբ։

Սյունիքի մարզպետի որդին այս գործով ներգրավվել է որպես մեղադրյալ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու հոդվածներով։ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ Կարեն Պողոսյանին կալանավորելու միջնորդություն են ներկայացրել դատարան, որը բավարարվել է։

Կրակոցներով ուղեկցված միջադեպը, ըստ իրավապահների, տեղի էր ունեցել հուլիսի 14-ին, Գորիսի խաչմերուկներից մեկում, երբ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք իրենց մոտ ապօրինի պահվող հրազենով սպանելու դիտավորությամբ կրակոցներ էին արձակել Գորիս քաղաքի երկու բնակիչների ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, միջադեպը տեղի է ունեցել Սյունիքի նախկին ու ներկա մարզպետների՝ Սուրեն Խաչատրյանի և Մելիքսեթ Պողոսյանի ազգականների միջև, նշվում էին նրանց որդիների անունները։

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանի փոխանցմամբ, Սյունիքի նախկին մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը այս պահին դատավարական կարգավիճակ չունի, միջոցներ են ձեռնարկում նրան ևս հայտնաբերելու ուղղությամբ. - «Ծանուցումներ ենք արել, բնակության վայրում չի։ Հանձնարարել ենք ոստիկանությանը, որ միջոցներ ձեռնարկեն հայտնաբերելու և նախաքննական մարմնին ներկայացնելու համար»։

Ըստ Քննչական կոմիտեի, քննության ընթացքում միջադեպի հնարավոր մասնակիցներին, ինչպես նաև դեպքի վերաբերյալ ապացույցներ հայտնաբերելու ուղղությամբ 16 բնակարան ու 10 ավտոմեքենա են խուզարկել։

Այս պահին, ըստ Մելիքյանի, ապացուցվել է, որ գործող մարզպետի որդին է կրակոցներ արձակել. - «Մենք ունենք դեպքի վայրի զննությամբ պարկուճներ և ունենք, որ իր կողմից ինքնաձիգ ա կիրառվել»։

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը դեռևս որևէ մեկնաբանություն չի տվել այս դեպքի վերաբերյալ, այսօր էլ նա մեր զանգերին չպատասխանեց։ Մարզպետարանից ևս չեն մեկնաբանում։

Սյունիքում վերջին զարգացումները հիմնականում քրեական գործերի հետ են կապվում։ Տարբեր մեղադրանքներով ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին Սյունիքի որոշ համայնքների ղեկավարներ, որոնք խորհրդարան անցած ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ «Հայաստան» դաշինքի անդամներն են։

Խարդախության, ընտրակաշառքի գործով կալանավորված Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ համայնքապետին առաջին իսկ օրվանից տեսակցելն արգելված է եղել։ Ասաց նաև, որոշումն ապօրինի է, այն արդեն իսկ բողոքարկվել է։

Փաստաբանի պնդմամբ, իրականացվում է քաղաքական հետապնդում. - «Որևէ իրավական հիմք չկար, որով նման որոշում կարող էր կայացնել քննիչը, և բնականաբար բողոքարկվում է այդ որոշումը»։

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի փաստաբանը ևս տեղեկացրեց, որ ի սկզբանե տեսակցությունները արգելելու մասին որոշում է կայացվել, պատճառների մասին չգիտեն, դիմում են գրել՝ որոշումը ստանալու, սակայն մինչ օրս չի տրամադրվել։

Հատուկ քննչական ծառայությունից այսօր «Ազատությանը» չտեղեկացրին որոշման հիմքերի մասին։

Առուշանյանին երեկ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան, փաստաբանի խոսքով՝ առանց որևէ պատճառաբանության։

Քրեակատարողական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Ազատությանը» փոխանցեց, որ «քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար կատարվում են անազատության մեջ պահվող անձանց տեղաշարժեր: Առուշ Առուշանյանի դեպքում մեկ քրեակատարողական հիմնարկից մեկ այլ հիմնարկ տեղափոխելը ևս պայմանավորված է եղել բացառապես այդ գործընթացով»:

XS
SM
MD
LG