Մատչելիության հղումներ

Ռուսաստանին մտահոգում է հայ-ադրբեջանական սահմանի ցանկացած լարվածություն. Զախարովա


Ռուսաստանը մտահոգությամբ է ընդունում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի ցանկացած լարվածություն, հայտարարել է արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, ընդգծելով, որ Մոսկվան առանձնահատուկ ջերմ հարաբերություններ ունի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ։

«Իհարկե, նման միջադեպերը խիստ բացասաբար են ազդում տարածաշրջանային իրավիճակի վրա, խոչընդոտում են երկու երկրների միջև երկխոսությանը և հանգեցնում աններելի կորուստների՝ բնակչության շրջանում», - ասել է նա։

Զախարովան կրկնել է Մոսկվայի դիրքորոշումը, թե տարաձայնություններն անհրաժեշտ է հարթել բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով:

«Չափազանց կարևոր է զերծ մնալ առճակատման հռետորաբանությունից և ուժային մեթոդներից: Փոխադարձաբար ընդունելի փոխզիջումներ փնտրելու համար անհրաժեշտ է համակարգված, քրտնաջան աշխատանք: Մենք երկու կողմերին հենց դրան ենք տրամադրում», - հայտարարել է Զախարովան, ընդգծելով՝ լարվածությունը թուլացնելու համար անհրաժեշտ է օր առաջ սկսել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները։

«Մենք պատրաստ ենք աջակցել այս ջանքերին մեր քարտեզագրական տեղեկատվության միջոցով: Ռուսական կողմը պատրաստել է մի շարք փաստաթղթեր, որոնք կարող են քննարկումներին կառուցողական ընթացք հաղորդել», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը:

Զախարովայի խոսքով, այժմ այս թեմայի շուրջ շփումներ են ընթանում արտգործնախարարությունների և պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև երեք երկրների սահմանային ծառայությունների միջև:

Հիշեցնելով, որ անվտանգության հարցն առանցքային էր այս ամսվա սկզբին Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի, հետո էլ՝ Ադրբեջանի նախագահի հետ Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպումներում, Զախարովան ընդգծել է՝ երեք առաջնորդներն էլ, չնայած խնդիրների բարդությանը և մասշտաբայնությանը, հաստատել են իրենց հավատարմությունը նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի պայմանավորվածությունների հետևողական և համապարփակ իրականացմանը:

Եռակողմ այդ փաստաթղթերով 44-օրյա պատերազմը կանգնեցվեց, Ղարաբաղի հարակից յոթ շրջանները, Շուշին ու Հադրութի շրջանը անցան Ադրբեջանին, Ղարաբաղի մնացած հատվածներում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ, հրադադարի պահպանման առաքելությունն էլ դրվեց ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնի վրա։ Կողմերը նաև պայմանավորվել են բացել տարածաշրջանի տնտեսական ու հաղորդակցության բոլոր ուղիները։ Երեք երկրների ղեկավարների որոշմամբ այդ նպատակով հատուկ աշխատանքային խումբ էր ստեղծվել, քննարկումները, սակայն, դադարել էին, երբ անցած մայիսին ադրբեջանական զորքը առաջ էր բերել դիրքերը Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում։ Ու թեև Հայաստանի տարածք անցած ադրբեջանցի հարյուրավոր զինվորները դեռ չեն հեռացել, Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը հույս է հայտնել՝ հանդիպումները շուտով կսկսվեն։

«Հուսով ենք, որ մոտ ապագայում խումբը կվերսկսի նիստերը, ինչը թույլ կտա անցնել համատեղ ենթակառուցվածքային նախագծերի փուլային իրականացմանը, որոնք լիովին համապատասխանում են Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև ամբողջ Հարավային Կովկասի շահերին», - ասել է Զախարովան:

Եռակողմ հայտարարությամբ Հայաստանը պետք է երաշխավորի տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև: Բացի այդ, կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը։ Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն էլ պետք է իրականացնեն Ռուսաստանի Սահմանապահ ծառայության մարմինները:

XS
SM
MD
LG