Մատչելիության հղումներ

Երասխի դեպքերը, ըստ Քոչարյանի, նախապատրաստական գործընթաց են նոր փաստաթուղթ ստորագրելուց առաջ


Երասխի դեպքերը նախապատրաստական գործընթաց են նոր փաստաթուղթ ստորագրելուց առաջ, կարծում է երկրորդ նախագահ, խորհրդարան անցած ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին նա խոսել է միայն երեք լրատվամիջոցների՝ իր անվան հետ կապվող «Թիվի 5»-ի, դաշնակցական «Երկիր Մեդիա»-ի և Քոչարյանի մտերիմ գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Հ2» հեռուստաընկերության լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ։

Քոչարյանը չի բացառում, որ այդ փաստաթուղթը կարող է լինել հենց խաղաղության պայմանագիրը իր բոլոր վտանգավոր հետևանքներով. «Քանի որ մեր ժողովրդի մի զգալի մասը մարսեց այն ամենը, ինչ եղավ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներ ժամանակ, այո, սա կարող է՝ նախապատրաստվում է հենց նման կարգի համաձայնագիր, որը չի կարող լինել առանց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման Հայաստանի կողմից, իսկ սա կնշանակի ուղղակի խաչ քաշել Ղարաբաղի ապագայի վրա»:

Իշխող ուժի պատգամավոր Վահագն Հովակիմյանը պնդում է՝ վարչապետը ժողովրդի մեջքի հետևում որևէ պայմանավորվածության չի գնա և բոլոր գործընթացների մասին քաղաքացիները պարբերաբար և մանրամասն տեղեկանում են։ Հորդորում է՝ ընդդիմադիրներին չփորձել դավադրություններ փնտրել։

«Վարչապետը շատ պարզ, պարբերաբար հանրությանը իրազեկում է ղարաբաղյան խնդրի բանակցությունների ընթացքի, զարգացումների, բոլոր խնդիրների մասին: Այսինքն՝ այդտեղ փորձել ինչ-որ դավադրություն փնտել, չկա: Ես ուրիշ բանի վրա եմ ուշադրություն հրավիրում՝ Ռոբերտ Քոչարյանը վերջին ընթացքում պարբերաբար երբ խոսում է, իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ ես Ալիևի աշխատակազմի ներկայացուցչի մեկնաբանություն կամ որակումներ եմ լսում: Իր բոլոր խոսքերին ուշադրություն դարձրեք՝ ընդդեմ Հայաստանի են, իր որակումները, իր կանխատեսումները ընդդեմ Հայաստանի Հանրապետության են: Ընդդեմ Հայաստանի, որովհետև Հայաստանի իշխանությունները միշտ ժամանակավոր են, ասենք 5 տարով են», - ասաց Հովակիմյանը:

Պատգամավորական մանդատից հրաժարված Քոչարյանը քննադատեց նաև իշխանության կադրային քաղաքականությունը՝ հատուկ շեշտելով պաշտպանական ոլորտը։ Անդրադարձավ նաև պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակված Արշակ Կարապետյանին։ Վերջինս այն զինվորականներից է, որ ըստ մամուլի, 2008-ի Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների գործով ցուցմունք էր տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ։

«Լո՞ւրջ եք վերաբերվում նման կարգի նշանակումներին, այսպես ասենք՝ նույն քարտերը խառնում են և այդ քարտերից ինչ-որ դեմքեր են քաշում, սա է վիճակը: Չեմ կարծում, որ այդ փոփոխությունները ինչ-որ մտածված և լուրջ նպատակներ հետապնդող փոփոխություններ են», - նշեց Ռոբերտ Քոչարյանը:

Հայաստանում հետընտրական վիճակը Քոչարյանը բնութագրում է այսպես՝ «բարի գալուստ Սադամ Հուսեյնի Իրաք»։ Ասում է՝ իրենց թիմակիցներին առաջադրվող մեղադրանքները, կալանքները մի քանի նպատակ ունեին՝ նախ ազդել առաջիկա ՏԻՄ ընտրությունների վրա, բացի դրանից, ասում է, կարիք կար Սահմանադրական դատարանին ցույց տալ, որ ընտրությունների արդյունքները անփոփոխ թողնելու որոշմանը այլընտրանք չկա։

«Հիշեցնեմ՝ երեք տարի առաջ ինձ մեղադրանք էին առաջադրել մի շինծու գործով, անցնելով այս ամեն ինչով հստակ ես շատ ավելի ուժեղ եմ դուրս եկել այս պայքարից, քան երեք տարի առաջ: Յուրաքանչյուր համայնքապետ, որը հիմա կալանավորված է, այդ վիճակից դուրս է գալու շատ ավելի ուժեղ, ուղղակի կասկած չունեմ այս ամենի մեջ, քանի որ մեղադրանքները շինծու են և նեղ խմբակի տակտիկական շահերի են ծառայեցնում ամեն ինչ», - նշեց Հայաստանի երկրորդ նախագահը:

Քոչարյանի մյուս բոլոր քննադատություններին՝ իշխանական պատգամավորը պատասխանում էր հիշեցնելով վերջինիս՝ իր կառավարման տարիները. «Ով ժողովրդավարությունից խոսի, բայց Ռոբերտ Քոչարյանը ժողովրդավարությունից խոսի՞: Հասկանո՞ւմ եք՝ էդ ժողովրդավարությունը անարգելու ծաղր է»:

XS
SM
MD
LG