Բելառուսի արդարադատության նախարարությունը փորձում է փակել երկրի առաջատար կազմակերպություններից մեկը՝ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության դեմ ճնշումների ֆոնին: Նախարարությունը երեկ Գերագույն դատարան է դիմել՝ խնդրելով «օրենքի բազմակի խախտումների համար» փակել Բելառուսի Ժուռնալիստների ասոցիացիան:
Հուլիսի 20-ին իշխանությունները սառեցրել են ասոցիացիայի բանկային բոլոր հաշիվները՝ գրասենյակում նախորդ շաբաթ ոստիկանության իրականացրած խուզարկությունից հետո:
«Ակնհայտ է, որ սա դաժան հաշվեհարդարի արշավ է կազմակերպության դեմ», - հայտարարել է Ժուռնալիստների ասոցիացիայի փոխնախագահ Բարիս Հարեցկին` հավելելով, որ իրենք պայքարելու են ասոցիացիայի իրավական կարգավիճակը պահպանելու համար:
Արդարադատության նախարարությունը պնդում է, որ Ժուռնալիստների ասոցիացիան չի կատարել որոշակի փաստաթղթեր ներկայացնելու պահանջները՝ կապված հիմնականում գրասենյակների վարձակալության պայմանագրերի հետ:
Ասոցիացիան հիմնադրվել է 25 տարի առաջ, ունի 1300 անդամ: Այն Բելառուսի լրագրողական ամենամեծ կազմակերպությունն է, անդամակցում է Լրագրողների միջազգային ֆեդերացիային: