ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն ու Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն այսօր քննարկում են անցկացրել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի շուրջ։
«Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան կարգավորման հրատապ հարցերը՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021-ի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունները», - հաղորդում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Պաշտոնական Երևանը պնդում է, որ ուժի գործադրմամբ հակամարտությունը չի կարող կարգավորվել, և հորդորում է վերսկսել բանակցությունները Մինսկի խմբի հովանու ներքո՝ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու համար։
Ադրբեջանի նախագահը, մինչդեռ, պնդում է, թե անցած տարվա 44-օրյա պատերազմով լուծել է խնդիրը, և որ այժմ Մինսկի խումբն այս ուղղությամբ անելիք չունի։
Պատերազմական գործողություններից ու նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարից հետո՝ մինչ օրս, միջնորդական խմբի անդամները Ղարաբաղ այցելելու հնարավորություն չեն ունեցել, թեև տարեսկզբին դեռ Մոսկվան հայտարարել էր, թե նման այց նախապատրաստվում է։