Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է, թե ինչ նախագծեր կարող է իրականացնել Հայաստանի ենթակառուցվածքներում: «Ազատության» հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիստական ազդեցիկ կառուցներից մեկի՝ Ամերիկայի Հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանը։
«Կարծում եմ՝ այո [ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմը ակտիվացնում է իր քաղաքականությունը այս տարածաշրջանում]։ Բայդենի վարչակազմն ավելի լավ է հասկանում այս տարածաշրջանը, ուստի ներգրավված են։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլ Ռիքերն էր այստեղ։ Ակնհայտ է, որ հայաստանցի բոլոր ռազմագերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Որևէ հիմնավորում չկա, երբ Ադրբեջանը, հանդիսանալով զինադադարի փաստաթղթի կողմ, հայտարարում է, թե ազատ կարձակի ռազմագերիներին, Ադրբեջանը պե՛տք է ազատ արձակի գերիներին», - ասաց ամերիկահայ գործիչը՝ շարունակելով. - «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ուշադիր հետևում է Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, Հայաստանին ցուցաբերվող ամերիկյան օժանդակության մակարդակը բարձրացել է, հայաստանյան հանրության շրջանում և Հայաստանի ենթակառուցվածքներին միտված ակտիվ աշխատանք է տարվում։ Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է, թե ինչ նախագծեր կարող է իրականացնել Հայաստանի ենթակառուցվածքներում։ Կարծում եմ՝ Միացյալ Նահանգներում ակտիվ ջանքեր են գործադրվում Հայաստանում ներդրումներ կատարելու համար»։
Բարսամյանը չբացառեց, որ Հայաստանը կարող է վերստին ներգրավվել Միացյալ Նահանգների կողմից իրականացվող «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում, որը Հայաստանի մասով սառեցվեց Երևանում 2008 թվականի հետընտրական արյունալի դեպքերից հետո։
«Կարծում եմ, Միացյալ Նահանգները ծանրակշիռ պարտավորություն է ստանձնել՝ աջակցելու Հայաստանին, սակայն սա միայն սկիզբն է։ Դիտարկում ենք «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, այլ ծրագրեր, որոնք նախատեսում են ամերիկյան աջակցություն այլ երկրներին։ Վստահ եմ, որ ԱՄՆ-ը կմեծացնի իր աջակցությունը, հատկապես՝ տնտեսական աջակցությունը Հայաստանին, քանի որ այստեղ ենթակառուցվածքների՝ ջրմուղների, ճանապարհների զարգացման կարիք կա, որոնք կօգնեն Հայաստանին առաջ գնալու։ Անշուշտ, ԱՄՆ-ը կարող է աջակցել Հայաստանին անվտանգության ապահովման գործում։ Այս հարցը Հայաստանի թիվ մեկ խնդիրն է, և Միացյալ Նահանգները հասկանում է, որ Հայաստանում ապրող մարդկանց համար բարգավաճում կարող է ապահովել անվտանգությունը։ Այս պահին սահմանների անվտանգությունը մեծ խնդիր է Հայաստանի ու Արցախի համար, և սա մի հարց է, որի հետ ներկայում գործ ունենք», - ընդգծեց Ամերիկայի Հայկական համագումարի համանախագահը:
Ըստ Էնթոնի Բարսամյանի, տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության նպատակներից է մարդու իրավունքների պաշտպանությունը. - «Կարծում եմ, Միացյալ Նահանգները կգա ու կասի... գիտեք, Ջո Բայդենը անչափ հետևողական է տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության հարցում։ Ղարաբաղյան հակամարտության ներկայիս ստատուս քվոն կարևոր է, սակայն պետք է երաշխավորենք Արցախի հայերի իրավունքները։ Որպես փաստարկ նշեմ հետևյալը՝ Միացյալ Նահանգներից ու ՄԱԿ-ից մարդասիրական աջակցությունը պետք է հասնի տարածաշրջան։ Փախստականները դուրս եկան Լաչինի միջանցքով, օժանդակությունն էլ պետք է անցնի Լաչինի միջանցքով»։
Բարսամյանին երեկ ընդունել է Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, թե Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը նոր իրադրություն է, և «այս համատեքստում կարևոր է համեմատել մեր պատկերացումները՝ Սփյուռքի և Հայաստանի միջև հարաբերություններն ինչպիսի՞ն պետք է լինեն այս նոր շրջանում, և ի՞նչ անելիքներ կան, ի՞նչն է, որ պետք է նույն կերպ շարունակենք, և որտե՞ղ պետք է որոշակի վերափոխումներ, վերանայումներ կատարենք»:
«Հպարտ ենք, որ ԱՄՆ իշխանությունը ամբողջապես՝ Սենատը, Ներկայացուցիչների տունը և նախագահը, ճանաչեց Հայոց ցեղասպանության փաստը։ Հաջորդ քայլը՝ հասնել, որ մյուս երկրները, որոնք չեն ճանաչել կամ ամբողջապես չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ճանաչեն այն», - ընդգծեց Էնթոնի Բարսամյանը: - «Թուրքիան պետք է առերեսվի իր անցյալի հետ, որը և կանի։ ԱՄՆ-ում և Թուրքիայում բնակվող շատ թուրքեր ասում են, որ բավական է՝ Թուրքիայի կառավարությունը, որ 106 տարի ստում է, պետք է դադարեցնի այդ, բայց որպեսզի հասնենք դրան, Ամերիկայի Հայկական համագումարը շարունակելու է ճնշումը։ Մեծ Բրիտանիան, Իսրայելը, այլ երկրներ պետք է ամբողջապես ճանաչեն Հայոց ցեղասպանության փաստը, և դա տեղի կունենա։ Շարունակելու ենք մեր աշխատանքը, որպեսզի ԱՄՆ և այլ երկրների կրթական ծրագրերում տեղ գտնի Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը»։
«Ներկայում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում կշեռքի նժարը թեքվել է հօգուտ ճանաչման, և ժամանակն է, որ Թուրքիան ևս ճանաչի Հայոց ցեղասպանությունը», - հայտարարեց Ամերիկայի Հայկական համագումարի համանախագահը:
Անգլերեն հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.