Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանը տարակուսած է, որ «անընդհատ նույն մարդիկ շրջապտույտի մեջ են»


Իրավապաշտպան Նինա Կարապետյանց
Իրավապաշտպան Նինա Կարապետյանց

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր Քննչական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին։

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հայկ Գրիգորյանին ՔԿ-ի նախագահի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար՝ ակնարկելով, որ նա նոր աշխատանք կստանա, իսկ Արգիշտի Քյարամյանին հաջողություն է մաղթել նոր կարևոր պաշտոնում։

«Պարոն Գրիգորյանի մասնագիտական և մարդկային հատկանիշները շատ բարձր եմ գնահատում և պիտի ասեմ, որ մենք արդեն խոսել ենք՝ պարոն Գրիգորյանի ներուժը կներառվի պետական կառավարման համակարգում, այդ հարցն առաջիկայում կքննարկենք և որոշում կկայացնենք», - ասել է նա։

Վարչապետի պաշտոնակատարը խոսել է նաև Քննչական կոմիտեի նոր նախագահից իր ակնկալիքների մասին. - «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մանդատ են տվել իշխանությանը՝ ՀՀ-ում հաստատելու օրենքի և իրավունքի դիկտատուրա: Նոր պայմաններում Քննչական կոմիտեից ակնկալում եմ ավելի արդյունավետ գործողություններ, ավելի վճռական գործողություններ և ավելի հատուկ գործողություններ՝ ժողովրդի ակնկալիքները բավարարելու համար»:

Առաջին հայացքից սովորական թվացող գործընթաց՝ երկրի ղեկավարը աշխատակզմին է ներկայացնում նորանշանակ նախագահին՝ շնորհակալություն հայտնելով պաշտոնաթողին։ Բայց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, վերլուծելով Փաշինյանի ելույթը, մտահոգվել է։ Մասնավորապես, նա անհանգստության առիթ է տեսնում Փաշինյանի այն արտահայտության մեջ, որ ակնկալվում է ավելի վճռական ու ավելի հատուկ գործողություններ՝ օրենքի դիկտատուրա հաստատելու համար։

«Բավականին վտանգավոր հայտարարություն են անում, որովհետև էդ կառույցները, այսպես թե այնպես, պետք է աշխատեին օրենքի տառին համապատասխան։ Չի' լինում ավելի օրենքի տառին համապատասխան. դու կամ աշխատում ես օրենքի տառին համապատասխան՝ իրավունքով առաջնորդվելով, կամ չես աշխատում։ Եթե քեզ առաջարկում են ավելի օրենքով աշխատել, անկեղծ ասած՝ ես լավ չեմ պատկերացնում։ Իսկ ինչո՞վ էր զբաղված նախորդ ղեկավարը, որ էդ արդյուքնը չենք տեսել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կարապետյանցը։ Դատելով Փաշինյանի խոսքերից, ըստ իրավապաշտպանի, ստացվում է մի իրավիճակ, երբ կառույցի նախկին ղեկավարը չի կարողացել ապահովել բավարար արդյունք, և նոր ղեկավարից ավելին են սպասում, տալիս են նոր հանձնարարություններ։ Իսկ նախորդին համակարգից հեռացնելու փոխարեն այլ պաշտոնի են նշանակում, ինչի մասին Փաշինյանը իր խոսքում երկու անգամ ակնարկեց. - «Պարոն Գրիգորյան, թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ կատարած աշխատանքի և ընդհանրապես Ձեր պատրաստակամության համար՝ շարունակելու ծառայությունն այլ կարգավիճակում»։

Նորից նոր պաշտոնի նշանակել, նշանակում է նույն ոչինչը ստանալ նաև հաջորդ փուլում, ասում է Նինա Կարապետյանցը. - «Ենթադրում եմ, որ վարչապետը պատրաստվում ա Հայկ Գրիգորյանին նոր նշանակում առաջարկել, նոր պաշտոն առաջարկել։ Ինձ համար, անկեղծ ասած, բաց մնաց, թե որ դրական արդյունքների համար են նոր պաշտոնի նշանակում։ Ընդամենը երկու օրինակ կարող եմ բերել. խաղաղ պայմաններում սպանված զինվորների գործով ինչ արդյունք ունեցանք, ասեմ, որ զրո արդյունք ունեցանք, և Ամուլսարը՝ ամենհայտնի գործերը։ Ի՞նչ արդյունք ունեցանք, խայտառակ արդյունք»։

Ո՞ր արժանիքի համար. այս հարցը Նինա Կարապետյանցը նաև 30-ամյա Արգիշտի Քյարամյանի դեպքում է հնչեցնում։ Քյարամյանը Փաշինյանի կառավարությունում արդեն հինգերորդ բարձր պաշտոնին է նշանակվում։ Ընդ որում, ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվեց հենց պատերազմի ընթացքում՝ առանց որևէ բացատրության. - «Չեմ պատկերացնում ինչպես իրեն պրոֆեսիոնալ համարող մարդը կարող է համաձայնվել շատ կարճ ժամանակում նշանակվել տարբեր պաշտոնների և հեռացվել։ Սա ոչ-պրոֆեսիոնալիզմի մասին է խոսում։ Երկրորդ հարցը, որ անընդհատ նույն մարդիկ շրջապտույտի մեջ են։ Սա մենք ունեցել ենք Սերժ Սարգսյանի ժամանակ։ Տպավորություն էր, որ խաղաքարտերի մի տուփ ունեն, խառնում են ու բաժանում են։ Նույն բանը անում են հիմա»։

Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեի նախագահ կարգավիճակում այսօր արդեն առաջին խորհրդակցությունն է անցկացրել՝ նշելով, որ քննիչի աշխատանքը հոգեհարազատ է իրեն: Իրավաբանական կրթություն ստանալուց հետո այն եղել է իր առաջին աշխատանքը: Քյարամյանը նաև հերքել է լուրերը, թե կադրային ջարդ է անելու, ճիշտ հակառակը, շարունակելու է աշխատել նույն խմբի հետ, քանի որ կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում աշխատելու ընթացքում տեսել է նրանց պրոֆեսիոնալ աշխատանքը։

XS
SM
MD
LG