Ավելի քան տասը տարի է, ինչ Ուկրաինան Ռուսաստանի իշխանությունների հիմնական գլխացավանքն է։ Մոսկվան իր արտաքին քաղաքականությունը կառուցում է մեծամասամբ Ուկրաինայի շուրջ։ Արևմուտքի հետ այսօրվա աննախադեպ առճակատման հիմքում էլ հիմնականում հենց ուկրաինական թեման է։ Հուլիսի 12-ին Ռուսաստանի նախագահը ծավալուն հոդված է հրապարակել Ուկրաինայի մասին, որում հերթական անգամ շեշտել է, թե ուկրաինացիներն ու ռուսները մի ազգ են, ունեն ընդհանուր պատմություն, կրոն, մշակույթ, լեզու։
Երեկ Պուտինի այս հոդվածը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահը՝ հերթական անգամ նշելով, թե ուկրաինացիներն ու ռուսները մեկ ազգ չեն, և թեման կարելի է սրանով փակել ու նույնիսկ կատակել, թե հետաքրքիր է, որ Ռուսաստանի պես մեծ երկրի նախագահը ժամանակ ունի այդքան խորն ուսումնասիրելու ռուս-ուկրաինական հարաբերությունները։
Վլադիմիր Պուտինը հատուկ հարցազրույց է տվել ռուսական հեռուստաընկերությանը և խոստովանել է. - «Ես որոշել եմ այդ նյութը պատրաստել արդեն բավական վաղուց, արդեն մի քանի ամսվա ընթացքում ես այդ մասին մտածում եմ»: Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ իր պատրաստած հրապարակումն ավելի լուրջ աշխատանք է, քան պարզ հոդվածը:
Պուտինը բացատրել է, թե ինչպես է իր մոտ առաջացել նման վերլուծություն անելու գաղափարը. - «Ակնհայտ է, որ մեկնարկել է «հակա-Ռուսաստան» նախագծի ակտիվ աշխատանքը, և դա, անշուշտ, չի կարող մեզ մոտ որոշակի տագնապ չառաջացնել»: Ընդ որում, Կրեմլը համարում է, որ «հակա-Ռուսաստան նախագիծը» մշակել և առաջ են տանում երրորդ ուժերը, այսինքն՝ Արևմուտքը:
Խոսելով Խորհրդային Միության նախկին հանրապետությունների մասին՝ Պուտինն ասում է, թե ժամանակակից Ռուսաստանը ճանաչել է այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունները և հասկանում է, որ այդ պետություններն ինքնուրույն քաղաքականություն վարելու իրավունք ունեն, սակայն ակնարկում է, որ Ռուսաստանի համար, իհարկե, ավելի ձեռնտու է, երբ հետխորհրդային հանրապետությունը դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ: Որպես օրինակ նա բերում է Ղազախստանը և Բելառուսը։
Ռուսաստանի առաջնորդը, ով ժամանակին հայտարարել էր, թե Խորհրդային Միության փլուզումը աշխարհաքաղաքական աղետ էր, ասում է, որ հետխորհրդային տարածքներից և ոչ մեկին Մոսկվան չի ստիպում անդամակցել ՀԱՊԿ-ին կամ Եվրասիական միությանը և համաձայն է նաև ունենալ պարզապես երկկողմ բարեկամական հարաբերություններ այդ հետխորհրդային երկրների հետ:
Ի դեպ, ՀԱՊԿ-ին և Եվրասիական միությանը չանդամակցող հետխորհրդային երկրներից Ռուսաստանը բարեկամական հարաբերություններ ունի միայն Ադրբեջանի, Ուզբեկստանի և ընդգծված չեզոք արտաքին քաղաքականություն վարող Թուրքմենստանի հետ։
Պուտինն ասում է, որ Ռուսաստանը պատրաստ է ավելի խորը համագործակցության հետխորհրդային երկրների հետ, և բերում է մեծամասամբ միայն դե յուրե գոյություն ունեցող Ռուսաստան-Բելառուս միութենական պետության օրինակը։ Հետաքրքիր է, որ ռուս-բելառուսական հարաբերությունները վերջին քսան տարիներին զարգացել են մշտական «աջակցություն, այդ թվում՝ ֆինանսական, բարեկամության դիմաց» սխեմայով: Վերջին անգամ նոր վարկի մասին, օրինակ, Բելառուսի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվել են երեկ Սանկտ Պետերբուրգում։
Իր հոդվածում Պուտինը նաև ընդգծել էր, թե Խորհրդային Միության փլուզումից հետո Ուկրաինային են անցել ռուսական մի շարք պատմական տարածքներ, ինչը Ռուսաստանի նախագահն ազնիվ չի համարում։
Ռուսաստանցի վերլուծաբանների մի մասը տարակուսանքի մեջ են, չեն հասկանում, թե որն էր Պուտինի հոդվածի ուղերձը։ Մի մասն էլ գրում են, թե հնարավոր է՝ Կրեմլում հետխորհրդային տարածքի և Ուկրաինայի հետ կապված նոր նախագիծ են մշակում: