Մատչելիության հղումներ

Հեռախոսազրույց է կայացել Փաշինյանի և Բլինքենի միջև


Երեկ հեռախոսազրույց է կայացել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև՝ վերջինիս նախաձեռնությամբ։

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ամերիկյան կողմը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ` ընդգծելով վերջին տարիներին Հայաստանի կառավարության ձեռնարկած հետևողական քայլերը ժողովրդավարական ձեռքբերումների ապահովման գործում: Այս համատեքստում, ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել Փաշինյանի գործադրած ջանքերը երկրում նախընտրական շրջանում ստեղծված լարվածությունը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու և ընդդիմության հետ քաղաքակիրթ հարաբերություններ կառուցելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում։

Բլինքենը շեշտել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգի կարևորությունը, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարում ու արդարադատության ոլորտում, և հավելել, որ ԱՄՆ-ը պատրաստակամ է շարունակել օժանդակությունն այս ուղղությամբ:

Միաժամանակ նա նշել է, որ երկու երկրների միջև գործընկերությունը խարսխված է ժողովրդավարական արժեքների վրա:

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումները գնահատելու համար: Նա բարձր է գնահատել Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, օրենքի գերակայության ամրապնդման, ինչպես նաև Երևանում ոստիկանության Պարեկային ծառայության գործունեության մեկնարկի ուղղությամբ: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ Պարեկային ծառայությունը հետագայում ընդլայնվելու է ամբողջ երկրում, և հույս է հայտնել, որ ամերիկյան օժանդակությունը հնարավորություն կտա ամբողջացնել այդ գործընթացը: Փաշինյանը բարձր է գնահատել պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերի՝ մեկ ամիս առաջ Ադրբեջանից հայ գերիների վերադարձի գործում ներդրած ջանքերը: Որպես տարածաշրջանում կայունության հաստատման առանցքային նշանակության խնդիրներ՝ կարևորվել են գերիների վերադարձի և Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման հարցերը:

Պետքարտուղարը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է ջանքեր գործադրել բոլոր գերիների վերադարձն ապահովելու համար: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային, Բլինքենը հույժ կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության վերականգնումը՝ ընդգծելով խաղաղ գործընթացի հստակ օրակարգի մշակման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա գտնել հակամարտության կայուն և երկարաժամկետ լուծում:

Այս համատեքստում Փաշինյանը ևս շեշտել է, որ հակամարտությունը կարգավորված չէ և պահանջում է համապարփակ լուծում, որին հնարավոր է հասնել բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Ամերիկյան կողմը նշել է, որ համաձայն է վարչապետի պաշտոնակատարի այն դիտարկմանը, որ ստատուս քվոն չի կարող կայուն լինել, և Մինսկի խմբի համանախագահության համար անհրաժեշտ է հստակ օրակարգ, որը կնպաստի բանակցությունների հաջողությանը, ասված է պաշտոնական հաղորդագրությունում։



XS
SM
MD
LG