ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը, ով տարածաշրջանային այցով Հայաստանում է, հանդիպում է ունեցել արտաքին քաղաքական գերատեսչությունում:
Արտգործնախարարությունից հաղորդում են, որ ՀՀ և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձմանը, ինչպես նաև` Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակին:
Երկու կողմն էլ վերահաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի առանցքային դերակատարության շարունակականությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործում: Կարևորվել է նաև առաջացած հումանիտար հարցերի հասցեագրումը և Արցախ միջազգային մարդասիրական օգնության անարգել մուտքը:
Ամերիկյան կողմն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի լարվածության թուլացման անհրաժեշտությունը` վերահաստատելով ԱՄՆ պետքարտուղարության մայիսի 27-ի հայտարարությամբ ամրագրված դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր։