Մատչելիության հղումներ

Գյումրիի Երիտասարդական այգու տարածքի օտարման փաստով քրեական գործ է հարուցվել


Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ
Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Գյումրի քաղաքի Երիտասարդական զբոսայգու տարածքի առերևույթ ապօրինի օտարման փաստով քրեական գործ է հարուցվել, հաղորդում է Դատախազությունը:

Հաղորդագրության համաձայն՝ Դատախազությունում իրականացվող զանգվածային լրատվամիջոցների մշտադիտարկմամբ վերհանվել է հունիսի 25-ին Aravot.am-ում հրապարակված «Գյումրիում բողոքի ալիք է հասունանում. հովանավորչությամբ՝ այգին ոչնչացնելու հաշվին պահեստ են կառուցում» վերտառությամբ հոդվածը, և Շիրակի մարզի դատախազությունն այն ուղարկել է Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցի 26/6 հասցեում գտնվող 3 հազար քմ մակերեսով հողամասը, որը համընկնում է Երիտասարդական այգու տարածքին և որում ներառված են նաև Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված` քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողեր, 2018 թվականի մարտի 19-ին Գյումրիի համայնքապետարանի կողմից ուղղակի վաճառքի միջոցով 3 միլիոն 726 հազար դրամ գումարով օտարվել է տվյալ ժամանակահատվածում համայնքի ավագանու անդամ հանդիսացած անձին: Կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանումում տվյալ հասցեում գտնվող հողամասի նկատմամբ մայիսի 21-ին գրանցվել է նշված անձի սեփականության իրավունքը, ասված է հաղորդագրությունում:

«2019 թվականի մայիսի 5-ին սեփականատերը նշված հողամասը 12 միլիոն ՀՀ դրամով օտարել է «Դոմուս» առևտրային ցանցի սեփականատեր, ՍՊ ընկերության միակ մասնակից անձին, որից հետո Ընկերությանը Գյումրիի համայնքապետարանի կողմից տրվել է առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար շինարարության թույլտվություն: Հողամասում կառուցվում է պահեստ, մինչդեռ, ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ նախկինում համաձայնեցված է եղել տվյալ հողամասում սրճարան կառուցելու առաջարկությունը»,
- փոխանցում է Դատախազությունը:

Նախապատրաստված նյութերով Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը: Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG