«Այսօրվա դրությամբ իրականացվել է 97 հազար 711 պատվաստում։ Երեկ ունեցել ենք 5 հազար 416 պատվաստում՝ մեկ օրվա կտրվածքով, որը բավական լավ ցուցանիշ է, և մենք այս աճի տեմպը պետք է պահպանենք։ Եթե երկու-երեք շաբաթ առաջ մենք մինչև 2 հազար պատվաստում էինք իրականացնում, ապա արդեն նկատելի է աճի տեմպը», - կառավարության նիստում այսօր ասաց նախարարը։
Այս ցուցանիշը ոչ թե պետք է նվազի, այլ ավելանա կամ առնվազն նույնչափ մնա, հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը. - «Մենք 97 հազար 711 պատվաստման դեպքից չունենք որևէ այնպիսի բարդություն, որը կարող էր դառնալ քննարկման առարկա»:
Առողջապահության նախարարի պաշտոնակատարն ասաց, որ վաղն ավելի մանրամասն կհրապարակի, թե որ մարզերում է պատվաստվումների գործընթացն ավելի դանդաղ ընթանում, առավել շատ որ տարիքի ու սեռի անձինք են պատվաստվել։ Ավանեսյանի խոսքով՝ երեկ որոշում է կայացվել, որ այսուհետ պոլիկլինիկաները կսպասարկեն միայն Հայաստանի քաղաքացիներին և այստեղ կացության իրավունքով բնակվողներին: Իսկ օտարերկրացիները կարող են պատվաստվել Հայաստանում առնվազն 10 օր մնալու դեպքում և բացօթյա տարածքներում գտնվող շարժական կետերում։
Հարցին, թե չի՞ պատրաստվում արդյոք Հայաստանի կառավարությունը օտարերկրացիների պատվաստումը վճարովի դարձնել, Ավանեսյանը պատասխանեց. - «Մենք շարժվում ենք մարդասիրական սկզբունքներից ելնելով։ Եվ ելնելով այն հանգամանքից, որ սա հանրային վտանգավոր հիվանդություն է՝ մենք նման սկզբունք ենք որդեգրել»։
Հայաստանում այս պահին երեք տեսակի պատվաստանյութ է կիրառվում՝ ռուսական «Սպուտնիկ Վի», բրիտանա-շվեդական «ԱստրաԶենեկա» և չինական «Կորոնավակը», երեքն էլ անվճար և ըստ ցանկության։
Այստեղ կորոնավիրուսի դեմ օգտագործվող «ԱստրաԶենեկա» պատվաստանյութը և տրված հավաստագիրը արդյո՞ք ընդունելի է ԵՄ երկրների կողմից։ Ավանեսյանի խոսքով, այժմ ընթանում է պատվաստման հավաստագրերի փոխճանաչման գործընթաց, ԱԳՆ-ի հետ աշխատում են, որ տարբեր երկրներ ճանաչեն Հայաստանի կողմից տրված հավաստագրերը։
Ասաց նաև, որ Հաստանում օգտագործվում է ««ԱստրաԶենեկա» ընկերության արտադրանքը, որը ընդունելի է Եվրամիության կողմից. - «Չկան այլ տեսակներ, կան այդ ընկերության կողմից արտադրված պատվաստանյութ, որը Եվրամիությունը ընդունել է։ Մեր երկրում այժմ օգտագործվում է Եվրամիության տարածքում արտադրված «ԱստրաԶենեկա»։
«Ազատությունը» Արտաքին գործերի նախարարությունից փորձեց պարզել, թե հավաստագրերի փոխճանաչման գործընթացն ինչ փուլում է, որ երկրներն են այս պահին հաստատել Հայաստանում պատվաստված քաղաքացիներին տրված հավաստագրերի տարբերակը, որ երկրները դեռևս չեն ճանաչել հավաստագրերը և այժմ ճանաչման փուլում են։ Գերատեսչությունից հորդորեցին՝ գրավոր հարցում ուղարկել, որին առայժմ չեն պատասխանել։