Մատչելիության հղումներ

Եվրամիությունն ընդհանուր 2,6 մլրդ եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին


Եվրամիությունը 9-ից 10 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն կտրամադրի հակամարտությունից տուժածներին, այսօր ասուլիսի ժամանակ ասաց Եվրահանձնաժողովի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին՝ վերահաստատելով՝ Եվրամիությունը պատրաստ է շատ ակտիվ դեր ստանձնել՝ մարդասիրական ճգնաժամը հաղթահարելու համար։

«Տխրեցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում զոհերի առկայության փաստով։ Այս համատեքստում 9-ից 10 միլիոնի մարդասիրական օգնություն ենք համախմբել, այդ օգնությունը շատ մոտ ապագայում կցուցաբերվի հակամարտուոթյունից տուժած անձանց», - ասաց Վարհեին։

Խոսելով իր այցի հիմնական նպատակից՝ Եվրահանձնաժողովի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարն ասաց՝ տնտեսական և ֆինանսական ներդրումների մեծ ծրագիր են բերել՝ հետքովիդային ճգնաժամը հաղթահարելու համար։

«Մենք պատրաստ ենք օպերատիվ կերպով շատ մեծ ներդրում իրականացնել՝ Հայաստանի տնտեսության վերականգնման համար՝ Արևելյան գործընկերության ողջ տարածաշրջանի հետ միասին։ Մենք աշխատել ենք այս ծրագրի վրա Հայաստանի կառավարության հետ միասին։ Այս ծրագրի արդյունքում պետք է տնտեսական աճը և աշխատատեղերի ավելացումը հնարավորինս արագ ընթանա», -ասաց Վարհեին՝ մանրամասնելով․ - «Մենք ցանկանում ենք ստեղծել առևտրային ուղիներ և կապակցվածություն եվրոպական շուկաների, եվրոպական տնտեսության հետ, որի միջոցով այս տարածաշրջանը կարող ենք շատ արագ շատ մոտ բերել Եվրոպական Միությանը։ Մեր ծրագրով սեղանին դրվում է 2,3 միլիարդ եվրոյի դրամաշնորհ ողջ տարածաշրջանի համար, և ծրագրով մեր գործընկերների հետ հնարավոր է համախմբել առնվազն 17 միլիարդ եվրոյի ներդրումներ ամբողջ տարածաշրջանի համար։ Հայաստանի համար մենք առաջարկում ենք 5 առաջնահերթ հատուկ ծրագիր՝ տրանսպորտային կապակցվածություն, էներգախնայողություն, վերականգնվող էներգետիկա, թվային վերափոխում, աջակցություն փոքր և միջին ձեռնարկություններին։ 1,6 միլիարդ եվրո ենք հատկացնում այս առաջնահերթ հատուկ ծրագրերի համար և այլ աղբյուրներով մոբիլիզացնելով հավելյալ 1 մլրդ եվրո, ամբողջը միասին վերցրած կարողանում ենք 2,6 միլիարդ եվրո համախմբել Հայաստանի համար այս ծրագրով», - ասաց Օլիվեր Վարհեին։

Նշենք, որ նա տարածաշրջանային այցով է Հայաստանում, եղել է Թբիլիսիում, ապա՝ Բաքվում։

XS
SM
MD
LG