Տաջիկստանի դեմ հարձակման դեպքում ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը կկատարեն իրենց պարտավորությունները այդ երկրի հանդեպ, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչները արդեն իսկ այցելել են տաջիկա-աֆղանական սահմանագիծ, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների հետ հեռախոսով քննարկել է Աֆղանստանի հյուսիսում ստեղծված կացությունը։
«Մենք մեր պարտավորությունները կատարելու ենք։ Դրա հետ մեկտեղ վերջին օրերին խոսակցություններ են շրջանառվում՝ արդյոք Ռուսաստանը պատրաստվո՞ւմ է զորքեր մտցնել Աֆղանստան։ Կարծում եմ՝ պատասխանը ակնհայտ է»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը՝ բացառելով Աֆղանստանում ռուսական զորախմբի տեղակայման հնարավորությունը։