Մատչելիության հղումներ

Բաքվի դատարանում հրապարակվեց Խծաբերդ-Հին Թաղեր հատվածից գերեվարված 13 պահեստազորայինների մեղադրական եզրակացությունը


Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է պատերազմից հետո՝ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածից գերեվարված պահեստազորայինների դատավարությունը։ Հայ ռազմագերիներին 14-ից 20 տարի, ընդհուպ ցմահ ազատազրկում է սպառնում, Ադրբեջանը նրանց մեղադրում է ահաբեկչության, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու, սահմանը հատելու համար։

Այսօր դատարանում հրապարակվեց այդ հատվածից գերեվարված 13 պահեստազորայինների մեղադրական եզրակացությունը, ապա մեղադրյալները ցուցմունք տվեցին, նրանցից մեկը պատմեց՝ իրենց նպատակը այն ժամանակ դեռ հայկական վերահսկողության տակ գտնվող դիրքերը պաշտպանելն է եղել, դեկտեմբերի 13-ին հրաման են ստացել իջնել դիրքերից, սակայն երբ իջել են իրենց հրամանատարներին չեն տեսել, ադրբեջանցիներ են եղել, որոնց հանձնվել են։

Պատերազմի ավարտից հետո և՛ Խծաբերդը, և՛ Հին Թաղերը հայկական վերահսկողության տակ էին, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր՝ ադրբեջանական զինված ուժերը, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակվել են Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։

Միջազգային իրավունքի տեսանկյունից Բաքվում պահվող հայ ռազմագերիների դատավարությունն ամբողջությամբ անիրավաչափ գործընթաց է, «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը: Ըստ նրա՝ պատերազմի ավարտից հետո գերեվարված պահեստազորայինների գործողություններում որևէ հանցակազմ չկա:

«Մասնակցել է ռազմական գործողություններին ակտիվ փուլի ժամանակ, ըստ էության այդ մասնակցությունը ահաբեկչություն որակելն անհեթեթություն է, իրենք ռազմագերու կարգավիճակում են, մասնակցել են միջազգային զինված ընդհարմանը, իրենց կողմից այդ մասնակցությունը որևէ կերպ չի կարող որակվել որպես հանցագործություն: Եթե խոսքը գնում է արդեն պատերազմի ավարտից հետո գերեվարված խմբի մասին, ապա նրանց գործողությունները կրկին որևէ հանցակազմ չեն պարունակում, շփման գծից այս կողմ են գտնվել, այդ տեսակետից կրկին անհիմն գործընթաց է, կոպտորեն ոտնահարվում են նրանց ազատությունները, այստեղ կա հստակ մարդու իրավունքների խախտում», - նշեց Խզմալյանը:

Մասնագետի խոսքով՝ հայկական կողմը պետք է աշխատի բոլոր խողովակներով. «Հայտարարություններ, ԱԳՆ խողովակները, միջազգային կազմակերպություններում ներկայացուցիչները, իրավական գործընթացը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում արդեն ընթանում է»:

Այս օրերին Բաքվի դատարանում հայ ռազմագերիները ցուցմունքներ են տալիս, Խզմալյանը շեշտում է՝ ողջամիտ կասկած կա՝ դրանք տրվել են սպառնալիքի կամ բռնության ներքո։

Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում գերեվարված պահեստազորայիններից Ադրբեջանը վերադարձրել է միայն 9-ին, մյուս 53-ը, ըստ Բաքվի, հանցագործներ են։

XS
SM
MD
LG