Մատչելիության հղումներ

Հեռացող խորհրդարանական ընդդիմությունը գրեթե չմասնակցեց ԱԺ արտահերթ նիստի քննարկումներին


Յոթերորդ գումարման Ազգային ժողովը իր վերջին նիստերն է գումարում, և այսօր արտահերթ օրակարգով հիմնականում երկրորդ ընթերցմամբ մի շարք օրենսդրական փաթեթներ քննարկվեցին և քվեարկության դրվեցին՝ Քրեական դատավարության օրենսգրքի նախագծից մինչև կինեմատոգրաֆիային, քաղաքաշինությանը վերաբերող նախագծեր։

Իշխող «Իմ քայլը» առաջարկում է Քրեական դատավարության օրենսգրքում որոշակի հստակեցում մտցնել անձի ձերբակալման հարցի շուրջ։

Հիմնական զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանը փորձեց ոչ թե իրավական տերմիններով, այլ ավելի մատչելի բացատրել, որ օրենքի նախագիծը, որը, ի դեպ, ընդունվեց երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ, քրեական վարույթ իրականացնող մարմնին թույլ է տալիս անձին ձերբակալելու որոշում կայացնել՝ անկախ նրանից այդ անձը փախուստի դիմելու նպատակ ունի, թե ոչ. - «Դեպքեր ունեցանք, մասնավորապես, հեղափոխությունից հետո, երբ անձինք ձերբակալվում էին անմիջապես դեպքի վայրում, հայտարարում էին, որ մենք փախուստի նպատակ չունենք, դատարանները այդ ձերբակալման արձանագրությունները կամ համապատասխան որոշումները ճանաչում էին, որ օրինական կարգով է կատարվել, և այնուհետև անձը ազատ էր արձակվում։ Եվ տպավորություն էր ստեղծվում, որ մի կողմից մինչդատական վարույթ իրականացնող մարմինն է սխալ ձևակերպել այդ արձանագրությունները կամ համապատասխանաբար սխալ է ձևակերպել այդ որոշումները, մյուս կողմից, դատարանները անօրինական էին բաց թողնում»։

Սա օրենսդրական բաց էր, որը, Բաղդասարյանի խոսքով, հիմա շտկելու փորձ է արվում։

Իշխանական «Իմ քայլից» Վլադիմիր Վարդանյանն ընդգծեց, որ նոր Քրեական դատավարական օրենսգրքին զուգահեռ կարևոր է նաև այս քննարկումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձերբակալությունների հետ կապված այսօր կա հակասական պրակտիկա։

Քննարկման ժամանակըը ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նկատեց, թե նախագծում ծուղակ կա։ Նա կասկածներ ունի, որ սա ճնշումներ բանեցնելու գործիք է, միջոց՝ հեշտացնելու անձին ձերբակալելու գործընթացը. - «Կա կարծիք, որ սա ռեպրեսիվ գործողություններին միտված քայլ է»։

Իշխանական պատգամավորները փորձեցին ցրել Աբովյանի կասկածները՝ վստահեցնելով, որ որևէ անմեղ մարդ որևէ հանգամանքում չպետք է հայտնվի անազատության մեջ, և որևէ մեղավոր մարդ չպետք է օգտվի արդարադատության համակարգի թերություններից։

«Այս նախագիծը որևիցե եղանակով, պարոն Աբովյան, չի ընդլայնում կամ չի սահմանափակում քրեական արդարադատություն իրականացնող դատարանի լիազորությունները այս կամ այն հարցում», - ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Ի դեպ, նկատենք, որ Արման Աբովյանի դիտարկումը միակ հակադարձումն էր իշխանական պատգամավորների նախագծերին։

Այսօրվա արտահերթ նիտին հեռացող ընդդիմության լուռ էր։ Փոխարենը աղմկեցին իշխանական պատգամավորները, երբ քննարկվում էր ապօրինի շինությունների թեման։ Ընդ որում, բանավեճը իշխանական պատգամավորների և կառավարության անդամների միջև էր։

Նիկոլայ Բաղդասարյանը կարծում է, որ իր հեղինակած նախագիծը ընդունվելու դեպքում համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողի վրա ինքնակամ ցանկացած կառույց օրինականացման ենթակա չի լինի։ Մինչդեռ այժմ համայնքի ղեկավարը իրավունք ունի օրինականացնել այդպիսի կառույցը՝ նույն օրը դատարան հայց ներկայացնելով։

«Որ այս պահին կարող է ինչ-որ մեկը ինքնակամ կառույց տեղադրի Ազգային ժողովի շենքի դիմաց Բաղրամյան փողոցի, հայց ներկայացնի դատարան, հայցը դատարանը վարույթ ընդունելով ավտոմատ, հարգելի գործընկերներ, կասեցվում ա որոշումը, որով պարտավորեցվում ա տվյալ ինքնակամ կառույցը ապամոնտաժել, և մինչև դատական ակտը կայացնելը ինքը ավարտում է էդ շինարարության կատարումը», - օրինակ բերեց Բաղդասարյանը։

Կառավարությունը և պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էին տվել նախագծին։

Ըստ Կադաստրի կոմիտեի պետի տեղակալ Արման Պետրոսյանի, բաժանարար գիծ կա օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ և հետո կառուցված ապօրինի շինությունների միջև. - «Ինչպե՞ս է որոշվելու նման ինքնակամ շինության որքան մասն է կառուցվել մինչև օրենքի ընդունումը և որքանը օրենքի ընդունումից հետո»։

Հանձնաժողովում դեմ քվեարկած իմքայլական Արթուր Դավթյանը կարծում է, որ նախագիծը ինքնաշեն կառույցների հարցը գլոբալ առումով չի լուծում։ Ավելին, նա կարծում է, թե գուցե ապօրինի կառույցը ինչ-որ բարի նպատակի ծառայի։

Այս մոտեցումը, սակայն, նախագծի համահեղինակ Ծովինար Վարդանյանի համար ընդունելի չէր. - «Ոչ ոք իր սեփական գումարները չի դնելու համայնքային հողի վրա ու ուղղակի դպրոց կառուցի»։

Չնայած տարաձայնություններին, 45 կողմ, 11 դեմ, 12 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։

Խորհրդարանն այսօր ընդունեց մոտ 15 նախագիծ, քննարկվեց նաև 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...առանց ընդդիմության մասնակցության։ Ելույթ ունեցած միակ ընդդիմադիր պատգամավորը հաջորդ գումարման խորհրդարան չանցած «Լուսավոր Հայաստանից» Աննա Կոստանյանն էր, որը խոսեց դպրոցներում երեխաների իրավունքների խախտման մասին։

XS
SM
MD
LG