Պաղեստինի ինքնավարության խոշորագույն քաղաքներում՝ Ռամալայում և Հեբրոնում, շարունակվում են բախումներն անվտանգության ուժերի և ցուցարաների միջև։
Բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են պատժել հայտնի հակակոռուպցիոն ակտիվիստ Նիզար Բանաթի մահվան մեղավորներին։
Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի գլխավոր քննադատներից մեկը մահացել է հունիսի 24-ին՝ ձերբակալությունից մի քանի ժամ անց։ Պաղեստինյան աղբյուրների փոխանցմամբ, ձերբակալության ժամանակ ոստիկանությունը նրան դաժան ծեծի էր ենթարկել։
Բանաթը իր վերջին ամիսների հրապարակումներում պնդում էր, որ Պաղեստինի կառավարությունը Covid 19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման ընթացքում փորձել է կոռուպցիոն սխեմաներ կիրառել։ Բացի այդ, ակտիվիստը քննադատում էր Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասին՝ մայիսին նշանակված խորհրդարանական ընտրությունների անցկացումը վերջին պահին չեղարկելու համար։