Մատչելիության հղումներ

Թաթոյանը ԵՄ ղեկավարությանն է ուղարկել Ալիևի և Էրդողանի կնոջ զրույցի տեսանյութը


Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները՝ տիկնանց հետ, Շուշիում, 15-ը հունիսի, 2021թ.
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները՝ տիկնանց հետ, Շուշիում, 15-ը հունիսի, 2021թ.

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը լրացուցիչ նամակներով Եվրամիության բարձրագույն ղեկավարությանն է ուղարկել հայ գերիների վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կնոջ՝ Էմինե Էրդողանի զրույցի տեսանյութը:

«Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության անհերքելի տեսանյութ-ապացույցն այսօր լրացուցիչ նամակներով ուղարկել եմ Եվրամիության բարձրագույն ղեկավարությանը` Եվրոպական խորհրդի նախագահին, Եվրոպական հանձնաժողովի նախագահին, Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին», - երեկոյան Ֆեյսբուքում գրել է Թաթոյանը: - «Տեսանյութն ապացույց է առ այն, որ հայկական կողմի բոլոր գերիներն Ադրբեջանում պահվում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների ու առևտրի համար: Հետևաբար, գերիների նկատմամբ բոլոր դատավարությունները կեղծ են, իսկ կալանավորումները` արգելված պատիժ: Նամակներում ցույց է տրված ինչպես են ադրբեջանական իշխանությունները մոլորեցնում միջազգային հանրությանը, այդ թվում` ԵՄ-ին»:

«Այսօրվա ուղարկած նամակները հիմնված են գերիների ընտանիքների ահազանգերի և մեր ուսումնասիրությունների արդյունքների վրա, ցույց են տված նրանց պատճառվող տառապանքները ադրբեջանական իշխանությունների կողմից», - նշել է օմբուդսմենը:

«Նամակներում փաստերի վկայակոչմամբ բարձրացվել է հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի հարցը` իբրև անվերապահ կատարման ենթակա պարտադիր միջազգային պահանջ», - ասված է Թաթոյանի գրառման մեջ:

Վերոհիշյալ տեսանյութում Իլհամ Ալիևը Ադրբեջան այցելած Ռեջեփ Էրդողանի և նրա կնոջ հետ դեպի Շուշի ճանապարհին խոսում է Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների ականապատման քարտեզների կարևորության մասին, ինչից հետո Էմինե Էրդողանը հարցնում է Ալիևին, թե ունե՞ն իրենց տարածքում էլի գերիներ, դրական պատասխանից հետո էլ խորհուրդ է տալիս մաս-մաս հանձնել նրանց։

XS
SM
MD
LG