Մատչելիության հղումներ

Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի ընտրությունների արդյունքները կնպաստեն «Անդրկովկասում կայունությանն ու անվտանգությանը»


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կնպաստեն երկրի զարգացմանը, Մոսկվայի հետ հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև Անդրկովկասում կայունությանն ու անվտանգությանը: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, որը տարածվել է երեկ:

«Հուսով ենք, որ ընտրական գործընթացի արդյունքները դրանց օրենսդրական ձևավորումից հետո կնպաստեն Հայաստանի աստիճանական զարգացմանը, ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ինչպես նաև ամբողջ Անդրկովկասի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովմանը, առաջին հերթին` Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների ամբողջական կատարման համատեքստում», - ասվում է մեկնաբանության մեջ:

Զախարովան շեշտել է՝ ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլխոմ Նեմատովը նշել է, որ ընտրություններն անցել են օրենքին համապատասխան, և չկան խոշոր խախտումներ, որոնք կարող են ազդել քվեարկության արդյունքների վրա: «Նմանատիպ գնահատականներ են հնչեցել ՀԱՊԿ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունները», - ավելացրել է նա:

XS
SM
MD
LG