Մատչելիության հղումներ

Տեխնիկական խնդիրների պատճառով դադարեցվել է Բուշերի ատոմակայանի աշխատանքը


Իրանի ատոմային էներգիայի ազգային գործակալությունը տեղեկացրել է, որ երկրի տարածքում գտնվող միակ ատոմակայանը, ծագած տեխնիկական խնդիրների պատճառով, ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը։

«Բուշերի ատոմակայանն անջատվել է երկրի էլեկտրական ցանցերից՝ այնտեղ ծագած անսարքությունների պատճառով», - հաղորդել է գերատեսչությունն իր կայքում՝ հավելելով, որ ատոմայականը կրկին կմիացվի երկրի միասնական էներգահամակարգին առաջիկա մի քանի օրերի ընթացքում։

Իրանի էներգամատակարար Tavanir ընկերության ղեկավարների խոսքով՝ Բուշերի անջատումը կարող է շարունակվել 3-ից 4 օր, դրա հետևանքով երկրի որոշ շրջաններում հնարավոր են էլեկտրաէներգիայի մատակարման ընդհատումները։

Ըստ իրանական աղբյուրների՝ սա առաջին դեպք է, երբ Բուշերի ատոմակայանն իր տասնամյա պատմության ընթացքում ժամանակավորապես դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտադրությունը։

Հազար մեգավատ հզորությամբ մեկ էներգաբլոկ ունեցող Բուշերի ատոմակայանը գտնվում է Իրանի հարավում։ Այն շահագործման է հանձնվել 2011 թվականին՝ ռուսական «Ռոսատոմ» ընկերության օժանդակությամբ։

XS
SM
MD
LG