Մատչելիության հղումներ

Միջազգային մամուլը` քարոզարշավի, ընտրությունների ու ակնկալիքների մասին


Հայաստանի դժվարին ընտրությունը. կհաջողվի արդյոք Փաշինյանին պահպանել իշխանությունը, հարց է տալիս գերմանական «Դոյչե վելլեն» (Deutsche Welle), փաստելով՝ այսքան թեժ նախընտրական արշավ Հայաստանում, թերևս, երբեք չէր եղել։

«Տպավորություն է, ասես կուսակցությունները ոչ թե ծրագրերով ու գաղափարներով էին մրցակցում, այլ` պատրաստվում էին հետընտրական զարգացումներին, ոչ թե խոսում էին վարչապետի իրենց թեկնածուի մասին կամ ներկայացնում, թե ինչ Հայաստան են կառուցելու, այլ թե ինչպես են հաշվեհարդար տեսնելու մրցակիցների հետ։ Եվ այս ֆոնին ավելի ու ավելի հաճախ են գնահատականներ հնչում, թե եթե նույնիսկ հունիսի 20-ին ընտրությունները նորմալ անցնեն, հետո կարող են լինել բախումներ հաղթողների ու պարտվողների միջև»,-արձանագրում է DW-ն։

Նորվեգիայի հանրային հեռուստառադիոընկերության թղթակիցը զրուցել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Կարի Հենրիկսենի հետ, ով վերջին օրերին գործընկերների հետ շրջել է Հայաստանում, հետևել նախընտրական պայքարին։

«Մեր զրուցակիցներից շատերն էին դժգոհում այն հռետորաբանությունից, որ օգտագործվում էր այս քարոզարշավի ընթացքում»,- ասել է եվրոպացի պաշտոնյան, մանրամասնելով՝ գերիշխողը անձնական վիրավորանքներն էին, որոնք տեղ չէին թողնում քաղաքական բանավեճի համար։

BBC-ի թղթակիցը Երևանից հաղորդում է՝ շատերը կարծում են, որ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրն» այս ընտրություններում կարող է կորցնել էլիտաների, այդ թվում՝ պետական ապարատի աջակցությունը՝ պատերազմում կրած պարտության պատճառով։ Փաշինյանի աջակիցները, մինչդեռ, BBC-ի հետ զրույցում պնդել են, թե շեշտը դնում են պարզ մարդկանց՝ հասարակ ժողովրդի վրա։ Քաղաքական վերլուծաբաններն էլ կարծիք են հայտնել, թե սա ընտրություն է «վատի ու վատթարագույնի միջև»։

«Մարդիկ հույս ունեն, որ այս ընտրություննները հաղթող թեկնածուին լեգիտիմություն կտան և հինգ տարի ժամանակ՝ երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար։ Սակայն, շատերն են խոստովանում, որ քաղաքական գործիչներից որևէ մեկին այլևս չեն համակրում և չեն վստահում»,- Երևանից փոխանցում է «Ալ ջազիրայի» (AlJazeera) թղթակիցը, հավելելով՝ հիասթափված հայաստանցիներից բացի, այս քվեարկությանը ուշի ուշով հետևում են նաև Ռուսաստանը, որ դեռ խորհրդային տարիներից մեծ ազդեցություն ունի Հայաստանի վրա, և Թուրքիան, որն անցած պատերազմում աջակցում էր Ադրբեջանին։

«Հեղափոխականները» ընդդեմ «նախկինների», գրել է ռուսական РБК-ն, մանրամասնելով՝ քվեարկությունը փաստացի դուել է երկու անզիջում հակառակորդների՝ Քոչարյանի և Փաշինյանի միջև։ «Կարևորը ոչ թե այն է, թե ինչ տեղի կունենա հունիսի 20-ին, այլ այն, թե ինչ կլինի հաջորդ օրն ու հունիսի 22-ին»,- ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, կանխատեսելով՝ քվեարկության հաջորդ օրը երկու ուժն էլ կարող են հայտարարել իրենց հաղթանակի մասին` կոչ անելով մարդկանց փողոց դուրս գալ։

«Կարևորն այն է, որ արյուն չթափվի»,- «Եվրազիա դեյլիի» (Eurasia Daily) հետ զրույցում ասել է Կովկասի հարցերով փորձագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի աշխատակից Ալեքսանդր Կռիլովը, պարզաբանելով. «Ով էլ ընտրվի, շարունակելու է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այդ իսկ պատճառով ցանկացած արդյունք ընդունելի է Կրեմլի համար։ Խնդիրն այն է, որ պարտված թեկնածուն ընդունի դիմացինի հաղթանակը։ Հակառակ դեպքում, իրադրությունը կարող է գնալ ապակայունացման՝ անկանխատեսելի հետևանքներով»,- պնդել է ռուս փորձագետը «Եվրազիա դեյլիի» հետ զրույցում։

XS
SM
MD
LG