Քարոզարշավի վերջում քաղաքական ուժերն արձանագրում են՝ ընտրողներն այսօր անհանգստացած են ոչ թե իրենց սոցիալական խնդիրներով, այլ անվտանգությամբ։
«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանն «Ազատությանն» ասաց. «Բոլորին հետաքրքրում է մի բան՝ խաղաղություն, անվտանգություն, սահմանների շուրջ ստեղծված իրավիճակ»
«Հայաստան» դաշինքի կողմնակիցները մեզ հետ զրույցներում հիմնականում հենց անվտանգությունն են շեշտում, որն ըստ նրանց՝ Հայաստանում ստեղծված իրավիճակում կարող է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երաշխավորել. «Վերականգնի Հայաստանի նախկին ամբողջականությունը, հիմա հայ ժողովրդի հիմնական երազանքն է, նպատակն է»:
Քոչարյանի ընդդիմախոսները հակադարձում են՝ նրա իշխանության տարիներին են տեղի ունեցել հաշվեհարդարներ, սպանություններ, բռնություն:
«Երկրի ղեկը ստանձնելուն պես Ռոբերտ Քոչարյանի, Հայաստանում տեղի են ունեցել տասնյակ քաղաքական սպանություններ», - նշեց Արման Բաբաջանյանը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հիշատակում է դեռ 2007 թվականին Վանաձորում տեղի ունեցած Լոռու մարզի դատախազի սպանությունը, որը մինչ օրս բացահայտված չէ. «Ո՞վ էր այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահը, Ռոբերտ Քոչարյանը և այդքանից հետո, երբ որ խոսում են ուժեղ պետության մասին, ինչում է կայանում ուժեղ պետության էությունը, անպատժելիությո՞ւն, վախի մթնոլո՞րտ, երբ որ ապահովագրված չէ նույնիսկ դատախազի անվտանգությունը, ուր մնաց թե ենթադրենք անվտանգ զգային շարքային քաղաքացիները»:
Լոռու մարզի գլխավոր դատախազի սպանությունը կապում էին Վանաձորի մաքրման կայանի միլիոնավոր դոլարների հասնող խողովակների և սարքավորումների անհետացման քրեական գործի հետ, որը ևս այդպես էլ մնաց չբացահայտված։ Իրավապաշտպանն ասում է. «Կոռուպցիոն մի հանցագործություն, որը քիչ է դա չի բացահայտվել կոռուպցիայի հանցագործությունների հետ, նաև այդ քրեական գործը հարուցող դատախազն է սպանվում, և մեր հիմնավոր կասկածով՝ այդտեղ տեղի է ունեցել չհամաձայնեցված կոռուպցիոն գործողություններ, որի զոհ է դարձել Լոռու մարզի դատախազը»:
Վանաձորի նախկին քաղաքապետ, այստեղ Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավը գլխավորող Սամվել Դարբինյանն «Ազատությանը» տված հարցազրույցներում մշտապես հերքել է մաքրման կայանի շուրջ իրեն ուղղված բոլոր մեղադրանքները։
«Ի՞նչ խողովակներ, ով ինչ մտածում է այն էլ ասում է, իսկ օրենքը, օրենսդրությունը և իրականությունը դրա հետ ոչ մի կապ չունեն: Ոչ մի տեղ օրենքի խախտում չի եղել, և դրա համար էլ այն քրեական գործերը, որոնք կազմվում են, նույն ձևով էլ փակվում են», - ընդգծեց Դարբինյանը:
Վանաձորի մաքրման կայանի տարիներ առաջ կասեցված քրեական գործը 2018-ի հեղափոխությունից հետո վերաբացվեց, բայց շատ կարճ ժամանակ անց, դարձյալ կասեցվեց բավարար ապացույցների բացակայության հիմքով։
Ընդդիմախոսների կողմից բռնությունների և կոռուպցիայի համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը մի քանի օր առաջ Լոռիում ընտրողների առաջ ասաց՝ դիկտատուրա եղել է միայն պետական համակարգի նկատմամբ։
«Հնարավոր դիկտատուրայի մասին՝ այն ժամանակ կարող է ինչ-որ մի թեթև նման բան եղել է, բայց միայն պետական համակարգի նկատմամբ, եթե խնդիրը դրված է, պետք է խնդիրը լուծվի, եթե պարտավորություն ես ստանձնել, պետք է պարտավորությունդ կատարես, եթե կա ծրագիր, քեզ ճղի, բայց այդ ծրագիրը պետք է իրականացնես: Կարգապահության, պատասխանատվության դիկտատուրա էր պետական համակարգում», - նշեց Քոչարյանը:
Ընտրողները Քոչարյանին մեղադրում են կոշտ լինելու, ճնշումների մեջ, մինչդեռ 3 տարի Հայաստանը ղեկավարած Նիկոլ Փաշինյանին՝ մեղմության կամ թավիշի համար։ Իշխող կուսակցության վարչապետի թեկնածուն Տավուշում կոչ արեց ընտրել իշխանության ուժը, ոչ թե ուժի իշխանությունը՝ նկատի ունենալով իր հիմնական ընդդիմախոսներին, որոնց իշխանության տարիներին, ըստ նրա, ուժ է կիրառվել ժողովրդի նկատմամբ։
«Մեր թեզը շատ կարևոր է, այս ընտրություններում դուք գնացեք և հաստատեք իշխանության ուժը և «ոչ» ասեք ուժի իշխանությանը, որովհետև իշխանության ուժը բխում է ժողովրդից, բխում է քաղաքացուց, իսկ ուժի իշխանությունը բխում է կուռուպցիայից, բխում է հանցավորությունից», - ընդգծեց Փաշինյանը:
Միաժամանակ այսօր ավարտվող քարոզարշավի ընթացքում Փաշինյանն ընտրողներին խոստացավ թավիշը փոխարինել պողպատով։ Նա արդեն քննադատության է ենթարկվում քարոզարշավի ընթացքում կիրառած ագրեսիվ հռետորաբանության, և պողպատե ուժի խորհրդանիշ մուրճի պարբերական ցուցադրության համար։