Մատչելիության հղումներ

Ծառուկյանը Ռուսաստանի հետ նոր փաստաթղթի ստորագրման անհրաժեշտություն է տեսնում


Վանաձորի կենտրոնական հրապարակում քիչ առաջ ավարտվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավ-հանրահավաքը: Ներկա էին բնակիչներ նաև այլ համայնքներից: Եթե նախկին ընտրարշավներում ԲՀԿ-ն մշտապես հանրահավաքներ է անցկացրել բոլոր մեծ համայնքներում, ապա այս անգամ միայն մարզկենտրոնում էր:

ԲՀԿ առաջնորդ, վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը չխոսեց քաղաքականությունից, իր մրցակիցներից, անդրադարձավ մարդանց հուզող խնդիրներին` միևնույն ժամանակ նշելով, թե միայն քաղցր խոսքեր չի ասում, այլև առաջարկում է լուծման ճանապարհներ:

Ծառուկյանն սկսեց անվտանգության խնդիրներից` ասելով, որ այն պետք է առաջին հերթին ապահովվի, իսկ լուծման միակ ուղին Ռուսաստանի հետ նոր փաստաթղթի ստորագրումն է: Ասաց, որ դա կլինի ռազմաքաղաքական փաստաթուղթ, ըստ որի հայ և ռուս զինվորները համատեղ կպաշտպանեն Հայաստանի սահմանները. «Անհրաժեշտ է օդ ու ջրի պես, որ Ռուսաստանի նոր փաստաթուղթ ստորագրվի` ռազմաքաղաքական»:

Իր ելույթի մի մեծ հատված ԲՀԿ վարչապետի թեկնածուն նվիրեց վարկերից տուժած քաղաքացիներին` ասելով, որ 2 միլիոնից ավելի վարկառու կա Հայաստանում: Ծառուկյանն ասաց, որ տարեկան 2-ից 3 միլիարդ դոլար կարող է բերել Հայաստան, սակայն կոնկրետ չնշեց, թե որտեղից կլինի այդ գումարը, և այդ գումարներից 1 միլիարդով կփակի քաղաքացիների վարկերը:

Ժամանակ առ ժամանակ Գագիկ Ծառուկյանը շեշտում էր` ինքը սուտ չի խոսում, այն, ինչի մասին հիմա խոսում է, իսկապես անելու է, նաև փոքր և միջին բիզնեսի հնարավորություններն է ավելացնելու:

«Ազատությունն» ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանից հետաքրքրվեց` արդյոք կոալիցիա կազմելու հարցով որևէ որոշում ունե՞ն:

«Փաշինյանի հետ գործակցությունը բացառվում է, իսկ որևէ այլ կոալիցիայի հարց կուսակցությունը չի քննարկում, քանի որ «Բարգավաճ Հայաստանը» ընտրություններում հաղթելու հաստատակամությամբ և Գագիկ Ծառուկյանի թեկնածությունն առաջադրելու հստակ որոշմամբ է մասնակցում», - ի պատասխանեց ասաց Տոնոյանը։

XS
SM
MD
LG