«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսի 17 հրավիրեց համապետական հանրահավաքի՝ Երևանի Հանրապետության հրապարակում: Այդ մասին Սիսիանում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Իսկ հունիսի 18-ի, ինչպես Փաշինյանը նշեց, ուղիղ զրույց և խոսակցություն կունենա Հայաստանի ժողովրդի հետ, թե ինչ ձևաչափով՝ չմանրամասնեց։
«Սա անում ենք հատուկ, որովհետև պարտված ուժը, որն արդեն գիտակցում է, որ ջախջախիչ պարտություն է կրելու ընտրություններում, ուզում է ոստիկանության դուբինկաների տակ ընկնել որպեսզի հետագայում ընտրությունների լեգիտիմության վրա ստվեր գցի։ Մենք, այդ հաշվարկը հաշվի առնելով, նրանց այդ հնարավորությունը չենք տալու և հայտարարում եմ համապետական հանրահավաք հունիսի 17-ին ժամը 20։00-ին։Իսկ հունիսի 18 ես ուղիղ զրույց և խոսակցություն կունենամ Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ», - ասաց Փաշինյանը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը մտադրվել է ընտրություններին հաջորդող օրերը հրապարակներում անցկացնել։ Չսպասելով ընտրության ելքին՝ արդեն 4 օրով՝ հունիսի 21-ից 24-ը առավոտվա 10-ից մինչև կեսգիշեր նրա թիմը զբաղեցրել է Հանրապետության և Ազատության հրապարակները։