Մատչելիության հղումներ

Լավրովի համոզմամբ` Արցախի վերջնական կարգավիճակի մասին տեղին կլինի խոսել 2-3 տարի անց


«Պատերազմն ավարտվել է ավելի ուշ, քան մենք էինք առաջարկում, մենք չէինք կարող կողմերին ստիպել, որ նրանք դադարեցնեն ռազմական գործողությունները, մենք ընդամենը միջնորդ էինք:

Ով է մասնակցել այդ պատերազմին, արդեն կարևոր չէ», - այսօր Պրիմակովի անվան ընթերցումներին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:

«Հարցը, թե ո՞վ է պատերազմ վարել, ո՞վ է կռվել, մեզ համար և ողջախոհ բոլոր մարդկանց համար փակ է։ Արյունահեղությունն ավարտվեց, ավարտվեց մի քիչ ավելի ուշ, քան մենք առաջարկել էինք կողմերին: Եվ մեր մեղքը չէ, որ պատերազմը տևեց ավելի երկար, քան կարող էր, և հրադադարը ձեռք բերվեց ավելի ուշ, քան այն կարող էր ձեռք բերվել։ Մենք միայն միջնորդներ էինք, մենք չէինք կարող ստիպել կողմին՝ մեկին կամ մյուսին ինչ-որ բաներ անել», - ասել է Լավրովը` շարունակելով.

«Ռուս խաղաղապահները կատարում են իրենց մանդատը։ Ինչ-որ խոշոր միջադեպեր ընդհանրապես չկան, դա ընդունում են և՛ Բաքվում, և՛ Երևանում։ Այո, ադրբեջանա-հայկական սահմանի առանձին հատվածներում լարվածություն կա, բայց դա կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ»։

Լավրովն, ի դեպ, այսօր պատասխանելով Արմեն Դարբինյանի հարցին, թե արդյոք պետք չէ՞, որ եռակողմ աշխատանքային խմբում լինի նաև Թուրքիան և կրի պատասխանատվության իր չափը հարցին, ասաց, թե աշխատանքային խումբը չի ստեղծվել` ինչ-որ կողմին պատժելու համար, և եթե խոսենք, որ այդ խմբի աշխատանքը նաև վերաբերում է տարածաշրջանի բոլոր երկրներին, ապա պետք է խոսել նաև Իրանի մասնակցության մասին:

Դարբինյանի հարցին պատասխանելիս Ռուսաստանի արտգործնախարարը խոսեց նաև Արցախի վերջնական կարգավիճակի մասին` շեշտելով, որ տեղին կլինի այդ հարցին անդրադառնալ մի քանի տարի անց. «Հիմա շատերն են խոսում այն մասին, որ ահա, չլուծված է մնացել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Այո, դա պետք է վերջնականապես համաձայնեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, որոնք այս փուլում, հավանաբար, պետք է ոչ թե պարբերաբար բարձրաձայնեն կարգավիճակի խնդիրը, այլ նպաստեն վստահության միջոցների ամրապնդմանը, աջակցեն հումանիտար հարցերի լուծմանը, աջակցեն, որ հայերն ու ադրբեջանցիները կրկին միասին անվտանգ ապրեն կողք կողքի։ Եվ այս դեպքում երկու-երեք տարի անց կարգավիճակի հարցը ավելի դյուրին կլինի կարգավորել»։

Ի դեպ, պաշտոնական Մոսկվան հետպատերազմյան շրջանում Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսելիս պարբերաբար ընդգծում էր, թե իրավական առումով Ղարաբաղն Ադրբեջանի մասն է` շեշտելով, թե եթե Հայաստանը ճանաչեր Ղարաբաղի անկախությունը, իրավիճակն այլ կլիներ։

Այսօր ռուսական պրոպագանդայի ամենակարկառուն գործիչներից մեկին տված հարցազրույցում «Պատիվ ունեմ» դաշինքի առաջին համար, Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, թե համարում է, որ Ղրիմը Ռուսաստանին է պատկանում, քանի որ այդ թերակղզու բնակիչների 95 տոկոսը հանրաքվեում որոշել է, որ Ղրիմը ռուսական է:

Վանեցյանը համեմատական է տարել Ղրիմի և Արցախի միջև և ընդգծել, որ Հայաստանի նախկին իշխանությունները համարել են, որ եթե ռազմական գործողություններ սկսվեն Ղարաբաղում, և դրանք տևեն մի քանի օրից ավելի, Հայաստանը պաշտոնապես պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը։

Հավելենք, ռուսական լրատվամիջոցները ակտիվ հետևում են հայաստանյան զարգացումներին, այդ թվում` երկուշաբթի օրը մեկնարկած քարոզարշավին: Այսօր մի շարք թերթեր անդրադարձել են Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի հայտարարությանն այն մասին, որ պատրաստ է իր որդուն փոխարինել Բաքվում պահվող հայ ռազմագերիների հետ։ «Московкий комсомолец» թերթն այսօր այս մասին հոդված է հրապարակել «Փաշինյանը հրամայել է Բաքվին առաջարկել իր որդուն փոխանակել հայ ռազմագերիների հետ» վերնագրով, որում նշված է նաև, թե այսօր Ադրբեջանում են գտնվում 140 հայ գերիներ, ում Բաքուն ահաբեկիչ և ռազմական հանցագործ է համարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG