Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խիստ մտահոգիչ է համարում մթնոլորտը, որում ընթանում է նախընտրական քարոզարշավը` նշելով՝ դա խորացնում է հասարակությունում բևեռացվածությունը, խարխլում է երկրում համերաշխությունը վերականգնելու հեռանկարը:
«Այսպես շարունակել չի՛ կարելի: Բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը, ատելության ու բռնության հետ առնչվող ցանկացած խոսք: Ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուները պարտավոր են հաշվի առնել, որ իրենց կողմից օգտագործվող ամեն բառ տարածվում է կողմնակիցների վրա, հետո նրանք այդ նույն բառերով վիրավորում ու հայհոյում են իրար», - իր հայտարարությունում շեշտել է Պաշտպանը:
Թաթոյանը նաև խիստ մտահոգիչ է համարել վարչապետի պաշտոնակատարի կողմից քաղաքացիական և քաղաքական վենդետաների, քաղաքացիական վրեժի, կադրային ջարդուփշուրի մասին խոստումները․ - «Հայհոյանքի բառերի օգտագործումը խիստ մտահոգիչ են, այսպիսի բառապաշար հանրային, այն էլ ընտրական գործընթացի տիրույթ բերելն անթույլատրելի է»:
Երեկ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում ընտրություններից հետո քաղաքական ու քաղաքացիական վենդետաների մասին խոսեց վարչապետի պաշտոնկատար Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ տեղեկություն ունի, թե որոշ հիմնարկների, համայնքների ղեկավարներ, իրենց վարչական լծակները օգտագործելով, մարդկանց տանում են հավաքների։ «Այդ համայնքների ղեկավարները, կարճ ասած, ռադ են ըլնելու, և այնտեղ լինելու են արտահերթ ընտրություններ: Եվ դուք կտեսնեք քաղաքական վենդետաներ, և դուք կտեսնեք քաղաքացիական վենդետաներ, և դուք կտեսնեք կադրային ջարդուփշուր, բոլոր ստահակները քշվելու են պետական կառավարման համակարգից։ Եվ ուրեմն, պատրաստվեք քաղաքացիական վրեժի, պատրաստվեք քաղաքացիական վենդետաների», - հայտարարեց Փաշինյանը։
Պաշտպանը նշում է՝ ինչպես էլ ուզում է մեկնաբանվի՝ նշված վենդետաներն ու քաղաքացիական վրեժն ակնհայտ ասոցացվում են բռնության ու հաշվեհարդարի, իսկ կադրային ջարդուփշուրն էլ աշխատանքային իրավունքների զանգվածային խախտումների հետ:
«Այսպիսի հռետորաբանության իրական վտանգն այն է, որ այն ավելի է մեծացնում առանց այդ էլ առկա լարվածությունը, պարունակում է իրական կյանք տեղափոխվելու վտանգավոր ռիսկեր: Ճիշտ է, ՀՀ վարչապետի պաշտոնատակատարը հատուկ շեշտադրել է, որ խոսքը չի վերաբերում ֆիզիկական հաշվեհարդարի, բայց ակնհայտ է, որ դա չի չեզոքացրել նշվածի վտանգավոր ազդեցությունը», - նշել է Թաթոյանը:
Ըստ Պաշտպանի՝ սոցիալական ցանցերի մշտադիտարկումը վկայում է, որ նաև բռնության համատեքստում է քննարկվում «Հայաստան» դաշինքի Վարչապետի թեկնածուի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչապետի թեկնածուի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի միջև դուելի թեման:
«Վերը շարադրվածից բացի, այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպման ընթացքում քաղաքացիներից մեկը նշել է, որ իրեն աշխատանքից ազատել են «Հայաստան» դաշինիքի վարչապետի թեկնածուին, քաղաքացու ձևակերպմամբ, ձայն չտալու համար: Այս հայտարարությունը վերաբերում է աշխատանքային և մի շարք այլ իրավունքների խախտմանը, և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից առանձին գրություն կհասցեագրվի ՀՀ դատախազություն», - ասված է հայտարարությունում: