Մեկնարկել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այցը Փարիզ։
Այսօր նախատեսված են թուրքական դիվանագիտական գերատեսչության ղեկավարի բանակցությունները Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ։
Այցի մեկնարկից առաջ ֆրանսիական «Լ'Օպինյոն» պարբերականը հրապարակել է Թուրքիայի արտգործնախարարի ծավալուն հոդվածը, որում Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, թե Փարիզն ու Անկարան կկարողանան հաղթահարել վերջին շրջանում ծագած տարաձայնությունները։
Անդրադառնալով Հարավային Կովկասում ստեղծված կացությանը՝ Չավուշօղլուն նշել է․ - «Այդ տարածաշրջանում մենք կարող ենք համատեղ ուժերով նպաստել հարատև խաղաղության հաստատմանը, ինչը կհանգեցնի Ադրբեջանի և Հայաստանի բարգավաճմանը»։
Խոսելով Հայոց ցեղասպանության խնդրի հանդեպ պաշտոնական Փարիզի մոտեցումների մասին՝ Թուրքիայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ «ֆրանս-թուրքական հարաբերությունները չեն դառնա հայկական որոշ ծայրահեղական շրջանակների անհիմն մեղադրանքների պատանդը»։
Իր հոդվածում Չավուշօղլուն չի շրջանցել նաև Անկարայի և ԵՄ հարաբերություններն՝ ընդգծելով, որ ԵՄ առանց Թուրքիայի «ի վիճակի չէ գլոբալ, համաշխարհային [ազդեցություն ունեցող] ուժ դառնալ»։