Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի Սենատի նախագահի խոսքով` հայ գերիների վերադարձի ուղղությամբ քայլերը շարունակվելու են


Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սենատի նախագահ Ժերար Լարշեին:

Կառավարության հաղորդմամբ` Ժերար Լարշեն կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ակտիվացումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման գործում:

«Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը մենք բարձրացրեցինք Եվրոպական խորհրդարանի նախագահի առաջ, արդյունքում Եվրոպական խորհրդարանը հանդես եկավ բանաձևով, որը դրական քայլ է: Մենք սրանով չենք բավարարվում և մեր քայլերը կրելու են շարունակական բնույթ»,- ասել է Լարշեն` ընդգծելով, որ Ադրբեջանի վերջին նախահարձակ գործողությունները մտահոգություններ են առաջացնում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ:

«Հույս ունենք, որ Ֆրանսիան կշարունակի կարևոր դերակատարություն ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում տեղի ունեցող գործընթացներին ու ՄԽ-ն առավել կակտիվանա ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ այդ հարցը քննարկել են նաև նախագահ Մակրոնի հետ:

Վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ քայլերն ու անդրադարձել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին:

XS
SM
MD
LG