Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի ՊՀԾ-ը ԱՄՆ ՄԶԳ-ից ստացած 1 մլն դոլարով կաջակցի Ղարաբաղյան պատերազմից տուժած՝ պարենային առումով անապահով անձանց


ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) մարդասիրական օգնության բյուրոյից ստացել է 1 միլիոն դոլարի ներդրում, որպեսզի դրամական օգնություն տրամադրի Հայաստանում պարենային առումով անապահով և տեղահանված անձանց, որը կօգնի նրանց մինչև հունիսի վերջ հոգալու իրենց սննդի կարիքները:

ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության վարչության հաղորդագրության համաձայն՝ նվիրատվությունը տրամադրվում է ի լրումն Հայաստանի կառավարության ձեռնարկած ջանքերի, որն ազգային սոցիալական ծրագրի շրջանակում աջակցություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած՝ պարենային առումով անապահով անձանց:

Ըստ ՊՀԾ-ի պարենային անվտանգության վերջերս անցկացրած գնահատման՝ մարդկանց պարենային ապահովության մակարդակը բացասական ազդեցություն է կրել հակամարտության արդյունքում: «Այս դրամական օգնությունը Հայստանում շատերին կօգնի զերծ մնալ գոյատևման բացասական մեխանիզմներից, ինչպիսիք են քիչ ուտելը, կամ սնունդ գնելու համար գումար փոխառելը: Տեղահանված բնակչությունը կկարողանա հոգալ սննդի անհապաղ կարիքները և ունենալ լիարժեք սննդակարգ», - նշված է հաղորդագրությունում։

«Ընդհանուր առմամբ ԱՄՆ ՄԶԳ-ն ՊՀԾ-ի ամենամեծ դոնոր կազմակերպությունն է և աջակցում է սննդի ապահովությանն աշխարհով մեկ: Մեզ համար պատիվ է ընդլայնել մեր գործընկերությունը Հայաստանում այս մարդասիրական օգնության շրջանակներում»,- ասել է Հայաստանում ՊՀԾ-ի Հայաստանյան ներկայացուցիչ և տնօրեն Ելենա Միլոշևիչը: - «Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ ՄԶԳ-ի այս առատաձեռն ներդրումը, ինչը կօգնի մեզ ավելի շատ մարդկանց հնարավորություն ընձեռել գնելու իրենց հիմնական սնունդը տեղական շուկաներից»:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը 2020 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է:

XS
SM
MD
LG