ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ), համագործակցելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, մեկնարկել է դրամական օգնության ծրագիր Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված մարդկանց համար՝ մինչև հունիսի վերջ նրանց սննդի կարիքները հոգալու նպատակով:
ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության վարչության հաղորդագրության համաձայն՝ ՊՀԾ-ն անապահով մարդկանց աջակցություն է տրամադրում Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության (ECHO), Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID), Ֆրանսիայի կառավարության և Ֆլանդրիայի կառավարության կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շնորհիվ: ՊՀԾ-ն ապրիլից հունիս ամիսներին կտրամադրի ամենամսյա դրամական փոխանցումներ այն տեղահանված մարդկանց, ովքեր արդեն գրանցված են Կառավարության հարթակում և գտնվում են Հայաստանում:
«Մենք երախտապարտ ենք մեր գործընկերներին առատաձեռն ներդրման համար, որոնք օգնում են Հայաստան տեղահանված մարդկանց բավարարել իրենց սննդի հիմնական կարիքները և քաղցած չմնալ», - ասում է Հայաստանում ՊՀԾ-ի ներկայացուցիչ, տնօրեն Ելենա Միլեսովիչը: - «Մարդասիրական օգնությունն անհրաժեշտ է, որպեսզի ընտանիքները զերծ մնան գոյատևման բացասական մեխանիզմներից, ինչպիսին են՝ քիչ ուտելը, կամ սնունդ գնելու համար գումար փոխառելը: Սա ծայրաստիճան ողջունելի աջակցություն է, որը կօգնի շատ ընտանիքների ծայրը ծայրին հասցնել այս դժվարին ժամանակներում»:
ՊՀԾ-ի աջակցությունից օգտվող Հայաստանյան շահառուների համար ստեղծվել է հետադարձ կապի մեխանիզմ, որն ապահովում է ուղիղ կապ ՊՀԾ-ի հետ: