Եվրամիությունը ողջունում է հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկը և պատրաստակամություն հայտնում աջակցել սահմանազատման գործընթացին։ Այդ մասին ասվում է միության արտգործնախարարության այսօր տարածած ուղերձում։
«Հայ-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումները վտանգավոր են և մտահոգիչ։ Անհրաժեշտ է անհապաղ թուլացնել լարվածությունը»,-հայտարարել է միության արտգործնախարարի խոսնակ Պիտեր Ստանոն` հավելելով. «Եվրամիությունը կոչ է անում երկու կողմերին զերծ մնալ հավելյալ ուժերի տեղակայումից ու գործողություններից։ Բոլոր ուժերը պետք է ետ քաշվեն մինչև մայիսի 12-ը զբաղեցրած դիրքեր, և կողմերը պետք է բանակցություններ սկսեն սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի շուրջ»։
Սահմանային իրավիճակից բացի, Բրյուսելն անդրադարձել է նաև ղարաբաղյան վերջին պատերազմից հետո՝ մինչ օրս չլուծված խնդիրներին և հասցեական կոչ արել Բաքվին․ «Մենք հորդորում ենք անհապաղ ազատ արձակել հայ գերիներին ու ձերբակալվածներին։ Ողջունում ենք լարվածությունը թուլացնելու բոլոր ջանքերը, այդ թվում՝ միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկները։
Եվրամիությունը պատրաստ է խորհրդատվություն տրամադրել և օգնել սահմանի դելիմիտացիային ու դեմարկացիային, ինչպես նաև աջակցել այնքան անհրաժեշտ` վստահության ամրապնդման միջոցառումներին՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու բարգավաճման հասնելու համար»,- հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչությունը։