Մատչելիության հղումներ

Փաշինյանն Իրանի արտգործնախարարին ներկայացրել է վերջին իրադարձություններով պայմանավորված իրավիճակը


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:

Ըստ կառավարության` վարչապետի պաշտոնակատարը ի թիվս մի շարք հարցերի խոսել է նաև վերջին իրադարձությունների մասին. «Վերջին շրջանում որոշակի լարում ունենք Ադրբեջանի հետ սահմանին: Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները մի քանի հատվածներում ապօրինի կերպով հատել են Հայաստանի սահմանը: Մեր դիրքորոշումը միանշանակ է, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները պետք է հեռանան մեր տարածքից: Եվ մենք սրա համար առաջին հերթին քաղաքական-դիվանագիտական ջանքեր ենք գործադրում, նաև այն պատճառով, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեր գործընկերները հենց առաջին օրերից հորդորում են մեզ, որպեսզի փորձենք հարցը լուծել առաջին հերթին դիվանագիտական-քաղաքական ճանապարհով»։

Փաշինյանը հիշեցրել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն՝ ռազմական գործողությունները ՀՀ տարածքում կնշանակեն, որ պատերազմի մեջ ներքաշվում են նաև կազմակերպության մյուս երկրները։ Նա ցավով արձանագրել է, որ այս իրավիճակում երեկ արդեն Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից արձակված հրազենային կրակից սպանվել է Հայաստանի զինված ուժերի զինծառայող։

Իր հերթին, Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ իրենք ցանկանում են` խաղաղություն հաստատվի այս տարածաշրջանում:

«Եվ միշտ ընդգծել ենք տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ճգնաժամերի խաղաղ լուծման մասին, Իրանի Իսլամական Հանրապետությունը շատ կարևորում է միջազգային իրավունքին հարգանքով վերաբերվելը», - ասել է Զարիֆը` հավելելով, որ երեկ շատ մանրամասն և բովանդակալից խոսակցություն է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված քայլերը: Իրանի ԱԳ նախարարը շեշտել է իր երկրի շահագրգռությունը՝ տարածաշրջանի կայունության ապահովման, Հայաստանի տարածքային ամբողջականության լիարժեք պահպանման ու ապահովման հարցում:

XS
SM
MD
LG